Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾ ԿԱ

Նոյեմբեր 21,2014 10:08

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանհինգերորդ

ԱՍՏՎԱԾ ԿԱ

Եվ Հավատացյալն ինձ հարցրեց՝ «իսկական մանկագիրները մենակ մանուկների համար ե՞ն գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիմնականում՝ հա», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Թումանյանը համ  փոքրերի համար ա գրել, համ էլ՝ մեծերի», եւ ես  մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Թումանյանը բոլորի համար ա գրել», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ շատ փոքրերի, համ էլ՝ շատ մեծերի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իսկական բանաստեղծությունը համ մեծերի համար ա, համ էլ՝ փոքրերի», եւ Խորենը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իսկական բանաստեղծությունը շատ պարզ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պարզ բաները փոքրերն ավելի լավ են հասկանում, քան՝ մեծերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ փոքրերն ավելի հավատավոր են, քան՝ մեծերը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ մասին չեմ մտածել», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «մտածես՝ չմտածես, փոքրերը մեծերից ավելի հավատավոր են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էսքան վախտ լսած կա՞ս, որ որեւէ երեխա ասի՝ Աստված չկա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «բայց մեծերի մեջ էդ բանն ասողներ կան, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լիքը», եւ Հավատացյալը ժպտալով հարցրեց՝ «էդ չի նշանակո՞ւմ, որ փոքրերն ավելի հավատավոր են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի նշանակում ա», եւ Հավատացյալը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «ոչ թե երեւի, այլ՝ հաստատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երբեւէ որեւէ երեխայի մտքով էդ բանը  չի անցնի», եւ ես հարցրի՝ «ո՞ր բանը», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «որեւէ երեխայի մտքով չի անցնի թե՝ Աստված չկա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առավել եւս՝ որեւէ երեխայի լեզուն չի բռնի՝ էդ մասին բարձրաձայն ասի», եւ ես մի քիչ  մտածեցի ու ասացի՝ «էդ մասին չեմ մտածել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մասին դու ավելի շատ պիտի մտածեիր, քան՝ ուրիշները», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞», եւ Հավատացյալը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ դու երեխեքի հետ ավելի շատ ես առնչվել, քան՝ ուրիշները», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ շատ առնչվել», եւ Հավատացյալը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մանկական ժուռնալում ես աշխատել ու մանկական ոտանավորներ ես գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Աստծո ու հավատքի հետ եմ քիչ առնչվել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ա թվում թե՝ քիչ ես առնչվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ արարածն ամեն  վայրկյան ու ամեն քայլափոխի ա Աստծո հետ առնչվում», եւ ես մի քիչ մտածեցի ու մեղավոր ժպտալով ասացի՝ «հազարից մեկ եմ Աստծուն հիշում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք Իրեն հիշենք թե չհիշենք, Ինքը մեզ ամեն վարյկյան ա հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ինքը մեզ ոչ միայն հիշում ա, այլեւ տեսնում ու լսում էլ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեր բոլոր արածներն ու ասածները մեկ առ մեկ տեսնում ու լսում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էնպես որ՝ մենք Աստծո տեսադաշտից ճողոպրելու ոչ մի տարբերակ չունենք», եւ ես  ժպտալով ասացի՝ «էդ մասին էլի ես ասել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի եմ ասել, բայց  ոնց որ մոռացել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «բայց քո մոռանալն ամենասարսափելին չի» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ամենասարսափելին էն ա, որ ես էլ եմ ժամանակ առ ժամանակ մոռանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ես մոռանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոռանում եմ, որ  մշտապես Բարձրյալի տեսադաշտում եմ գտնվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու ոչ միայն չես մոռանում, այլեւ ուրիշներին էլ ես ժամանակ առ ժամանակ էդ մասին հիշեցնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «կարող ա ուրիշներին հիշեցնես, բայց դու մոռանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առաջին հերթին պիտի ինքդ քեզ հիշեցնես, ոչ թե՝ ուրիշներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն մարդ անձամբ իրա ասածների ու արածների համար ա պատասխանատվություն կրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ա՛յ Խորեն, իմ մեջ եթե մի պտղունց հավատ կա, էդ քո շնորհիվ ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «կարող ա վերջում պարզվի, որ քո մեջ ավելի շատ հավատ կա, քան՝ իմ մեջ», եւ ես ասացի՝ «անհնարին բան ես ասում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «քո մեջ աշխարհի չափ հավատ կա», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «չափել ե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քո հավատն էնքան մեծ ա, որ հնարավոր չի չափել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով  ասաց՝ «երանի ասածդ գոնե որոշ չափով ճիշտ լիներ», եւ ես հարցրի՝ «այսինքն, սուտ ե՞մ ասում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «սուտ չես ասում, բայց սխալվում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ստելն ու սխալվելը միանգամայն տարբեր բաներ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինչքան գիտեմ՝ ստելը մահացու մեղք չի համարվում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց սխալվելն ընդհանրապես մեղք չի համարվում» եւ մի  քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե, իհարկե, գիտակցաբար ու միտումնավոր չես սխալվում», եւ ես ժպտալով Խորենին ասեցի՝ «ինձ թվում ա՝ էս հարցում չեմ սխալվում», եւ Հավատացյալը հարցրեց՝ «ո՞ր հարցում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քո հավատի հարցում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ քո հավատի մեծության հարցում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք չենք մեր հավատի չափը որոշողը» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «մեր հավատը փոխանակ գնալով ավելանա, գնալով պակասում ու քչություն ա անում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո հավատը երբեք քչություն չի արել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի՝ ոչ քո՛ որոշելով ա, ոչ էլ՝ իմ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «մենք չենք դատավորները»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930