Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի հերոսները

Նոյեմբեր 21,2014 10:07

Խոսքի «ուժգնությունն» ամենեւին չի նշանակում դիրքորոշման հստակություն եւ գործողությունների արդյունավետություն: Եթե դուք հայհոյում եք իշխանություններին կամ նախագահի անուն-ազգանունը փոքրատառերով եք գրում, դրանից մեխանիկորեն չի բխում, որ դուք ցանկանում եք փոփոխություններ մտցնել այս երկրի կյանքում: Դա կարող է վկայել ճիշտ հակառակի մասին՝ դուք չեք ցանկանում, որ որեւէ բան փոխվի, եւ ձեր նպատակը շատ ավելի «համեստ է»՝ որ ձեր թայֆան ճիշտ նույն համակարգի պարագայում կանի նույնը, ինչ որ անում են ներկայիս իշխողները: Անդրեյ Սախարովը ոչ մեկին չէր հայհոյում, ավելին՝ նա չէր ուզում, որ կործանվի Սովետը, որի պաշտպանունակության համար նա այդքան բան էր արել: Ակադեմիկոսն ուզում էր երկիրը բարեփոխել (այդ թվում, ի դեպ, ստեղծել համադաշնություն, որը կկոչվեր Եվրասիական միություն՝ դա առաջարկվում էր 70-ական թվականներին), բայց նրա քաղաքական, իրավապաշտպան գործունեությունը ի վերջո նպաստեց երկրի փլուզմանը: Այնպես որ՝ չի իմացվի, թե ում խոսքը ինչին է ծառայում:

Ճիշտ նույն ձեւով՝ եթե դուք մեր զինվորականներին կամ դիվանագետներին վճռականության կոչեր եք անում, դա դեռ չի նշանակում, որ դուք շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ կամ մեր օդաչուների ճակատագրով: Հնարավոր է ճիշտ հակառակը՝ որ դուք, մեղմ ասած, անտարբեր եք թե ուղղաթիռի եւ թե զինծառայողների խնդրի հանդեպ եւ պարզապես ցանկանում ենք հերոսանալ, այսպես ասած, «խոսքային մակարդակով»:

Որ ուղղաթիռի կործանումը պետք է լուրջ քննության առարկա դառնա մեր եւ Արցախի բանակներում, եւ այն հրամանատարները, որոնք վտանգի են ենթարկել մեր զինվորների կյանքը, ինչպես նաեւ թանկարժեք տեխնիկան, պետք է խստորեն պատժվեն՝ դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ մենք Հայաստանում գրեթե «ազգովի» դարձել ենք ռազմական փորձագետ եւ հատկապես՝ ադրբեջանցիներին հակահարված տալու խոշոր մասնագետ: «Ամեն մեկն իրեն դրել է զորավարի տեղ՝ մարտին կողքից նայելով»՝ մոտավորապես այսպես կարելի է թարգմանել Շոթա Ռուսթավելիի հայտնի տողերը:

Եվ դարձյալ ասեմ. եթե ես կոչ եմ ասում՝ կտրել որեւէ ադրբեջանցու ձեռքը, ոտքը կամ ականջը, մտնել եւ ավերել մի քանի ադրբեջանական գյուղ, եւ դժգոհում եմ, թե ինչու դա չի արվում, դա չի վկայում իմ քաջության մասին: Երեւանում նստած մտովի «Ռեմբո փախնելը» չափազանց հեշտ եւ անվտանգ գործ է: Բայց եթե նման ելույթների համար կա լսարան, ուրեմն դրանք հաստատ շարունակվելու են:

Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին: Բայց դա չի ենթադրում տագնապալից կամ ռազմատենչ հայտարարություններ: Դա նշանակում է, որ ամեն մեկը պետք է իմանա, թե ինչ է պատերազմի ժամանակ անելու: Այդ առումով Արցախում մարդիկ ավելի հավաքված են, ավելի ձիգ, նպատակասլաց: Հայաստանում՝ մանր խնդիրներով ավելի շատ տարված: Դրա համար այստեղ ավելի շատ ենք «լեզվին տալիս»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    +

  2. Կարեն says:

    Կլինի պատերազմ թէ ոչ որոշվում է ոչ Երեւանում, ոչ էլ Բաքվում: Եթե գերտերություններից մեկի շահերից բխի պատերազմի վերսկսումը ապա ոչ զինվորականները եւ աոավել եւս “Ռեմբոները” ոչինչ փոխել չեն կարող: Այնպես որ այս հարցում փառաբանել կամ փնովել բանակին կամ իշխանությանը դատարկ զբաղմունք է: Խաղաղություն հաստատելու բանալիներից մեկը Մոսկվայում է մյուսը Վաշինգտոնում:

  3. Narek says:

    1ին.ամ-ում մի հոդված եմ կարդացել, պիտի մեջբերեմ.
    «Մենք համոզված ենք, որ հրադադարի խախտումները միանշանակորեն հանդիսանում են Ադրբեջանի նախաձեռնություն, մենք կասկած անգամ չունենք, որ հայկական կողմը ոչինչ չի սադրել կամ սադրում, երբեք նախահարձակ չէ և այլն, իսկ ադրբեջանցիների նմանօրինակ տեղեկությունները մենք համարում ենք ապատեղեկատվություն: Եվ այդ տեսանկյունից հայաստանյան հասարակության այդ պահվածքը միանգամայն օբյեկտիվ ու ադեկվատ է:»

    Սենց բաների մասին գրիր, հարգելի Արամ, միայն պարծենալով չի, թե «ես մարգինալ եմ», էդ խոսքը Ձեզ ոչ մի բանով չի օժտում, եթե բովանդակությունը խակ է: Ի՞նչ ա նշանակում «դուք չգիտեք ձեր խոսքերը ինչ նշանակություն ունեն»: Է հա, Դու էլ չգիտեք ինչ եք գրում:

  4. Արսեն says:

    Հիմնականում՝ վատ չի։ Հեղինակը, հավանաբար, պետք է որ հասկանա, որ իր խոսքը նույնպես ենթակա է իր կողմից նկատված օրինաչափություններին։ Որոշակի բաներ գրելիս, կամ ասելիս դա հաշվի առնում է? Խիստ կասկածում եմ…

  5. Կարո Մելիքյան says:

    Այն,որ տարբեր մարդիք,տարբեր ձեւով էն արտահայտում՝ նույն նյութի վերաբերյալ իրենց մտքերը, դա, նորմալ է,նույնիսկ՝ մեկը ( վերջին, ուղղաթիռի հետ կապված ), շատ սուր ձեւով է դնում հարցը, ասենք՝ առաջարկում է՝ կտրել ադրբեջանցու ձեռքի մատը, մյուսը առաջարկում է՝ կտրել ձեռքը ուսից, մեկը առաջարկում է ՜( Ս.Օհանյան ) համաչափ,մի քիչ էլ ավելին պատասխանել,մյուսը՝մտնել Բաքու։
    Դա էլ՝տվյալ հարցին վերաբերող,ոչ միայն տարբեր մարդկանց,այլ նաեւ, նույն մարդու՝տարբեր հոգեվիճակի արտահայտություններ էն,որը նույնպես հասկանալի եւ ընդունելի էն։ Բովանդակալին առումով ՝դրանք նույնն էն։ Մի ուրիշ օրինակ՝ մեկը իր տրանսֆերները ստանում է Ռուսաստանից եւ համարում,որ Ռուսաստանը մեր ամենակարեւոր բարեկամն է,մյուսն ՝ստանում է Ֆրանսիայից՝ համարելով,որ արեւմուտքը պետք է լինի մեր՝ համար առաջին գոծընկերը։ Մեկը՝այսրոպեական նկատառումներով է մոտենում հայ-ռուսական հարաբերություններին,( ապահով Հայաստան,Ս.Սարգսյան),մյուսը…երկարաժամկետ զարգացման նկատառումներից ՝գերագնահատում է արեւմտյան արժեքները։ Այստեղ առկա է՝անձնական,անհատական,նեղ մտածելակերպը հրամցնել,որպես՝ «օբեկտիվ»,միակ ճիշտ տարբերակ։ Բովանդակային առումով՝վիճաբանել նրանց հետ այնքան էլ հեշտ գործ չէ ,կարճաժամկետայինները ավելի զորավոր էն,նրանք կստանան բնակչության մեծամասնության այոները։
    Շատ ավելի լուրջ եւ վտանգավոր է,իմ կարծիքով այն ,որ գոյություն ունի մի հոծ զանգված,որոնք լրիվ անտարբեր էն երկրում տեղի ունեցող իրադարձություններին,նրանցից մի մասը,եթե ունի իր օրվա հացն ու պամիրը, մյուսները՝երշիկը,քյաբաբը՝իհարկե խմիչքի ուղեկցությամբ,իսկ ինչու չէ՝սաունան էլ գումարած,ապա բավարարվածությունը կատարյալ է,իսկ հրատապ,բախտորոշ զարգացումները՝ընդամենը զրուցելու թեմաներ էն նրանց համար։
    ։

  6. Արսեն says:

    Չգիտես ինչու, ցանկություն առաջացավ Երևանում բացել “Բաքու” սրճարան-ռեստորանը..)).. եթե բոլոր Բաքու մտնել ցանկացողները, ամիսը մի անգամ էլ մտնեն, ահագին փող կաշխատեմ..)))..

  7. Garegin says:

    Միանշանակ համակարծիք եմ պարոն Աբրահամյանի հետ, կավելացնեմ միայն մեկ միտք. 90-ական թվականների սկզբին մեր ժողովրդի համախմբմանը, բարոյահոգեբանական վերելքին, պետության և պետականության ապագայով մտահոգվելուն և մի շարք նմանատիպ այլ հարցերն այդպես էլ որևէ կանոնակարգված մոտեցում չցուցաբերվեց: Այդ տարիների հայի կերպարը չուսումնասիրվեց հոգեբանների և չլուսաբանվեց տարեգիրների կողմից, պարզելու համար օրհասական պահերին մեր տեսակի կողմից ավելի քան 6-7 դար հետո նման վարքագիծ դրսևորելու իրական դրդապատճառներն ու տարերայնորեն դրանք կյանքի կոչելու գործոնները, առավեր ևս, որ կյանքը պարբերաբար է ապացուցում, որ մեր պատերազմը մոտակա տասնամյակներում հաստատ չի ավարտվելու: Ավելին, վարձու պատմիչները խեղաթյուրեցին ու ապականեցին մեր նորօրյա պատմության լուսավոր էջերի մի մասը:
    Կարծում եմ, նման ուսումնասիրությունների արդյունքները կարող էին որպես ուղեցույց ծառայել սահմաններում իրավիճակի սրման պահերին իշխանությունների կողմից իրավիճակին համահունչ և հայի տեսակից բխող որոշումներ կայացնելու համար:

    • Ընթերցող says:

      եդ 80-ականների վերջի, ու 90-ականների սկզբի հայի տեսակը, որ այդքան հիացած եք, հաստատ խմբագրի այս նյութի մտքերի հետ համաձայն չի: այն ժամանակ էլ նման մտքեր հնչում էյին, բայց հայի տեսակը չլսեց ու ունեցանք ազատգրված Ղարաբաղ: մարդիկ ասում են չէ, ԼՏՊ-ն նույնիսկ տեղյակ էլ չի եղել շատ բաներից: Մինչև հիմա էլ դա հավատալու չի: Բայց որ իր նախկին պաշտոնյաների մտածելակերպն ես տեսնում, քիչա մնում համոզեն:

      Հ.Գ. Ի միջի այլոց, որ շատ համը հանեն, Բաքու մտնելու ենք, ու համը հանենք հենց ընդեղ: հենց ըտենց:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930