Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են որոշումներն ընդունում ԵՏՄ-ում

Նոյեմբեր 21,2014 18:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը եւ սահմանադրական իրավունքի
մասնագետ Վարդան Պողոսյանը:

Արամ Աբրահամյան.- Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին համապատասխանող է ճանաչել ԵՏՄ-ի հետ պայմանագիրը: Դրա հետ մի շարք հասարակական քաղաքական գործիչներ համաձայն չէին: Խոսենք նրանց մտահոգությունների մասին: Դատարանն ասում է, որ ԵՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց իրականում, ըստ ընդդիմախոսների` դա արվում է ձայների մեծամասնությամբ:

Վարդան Պողոսյան.- Սկսենք նրանից, որ իսկապես որոշումների մեծ մասը կոնսենսուսով են ընդունվում: Դա պայմանագրով ամրագրված է, պայմանագիրը բաց է, եւ բոլորը կարող են ծանոթանալ: Այդ միությունը ունի 4 մարմին, առաջին 3 մարմինները ըստ էության քաղաքական, տնտեսական մարմիններ են, 4-րդը դատարանն է: Քաղաքական մարմիններից բարձրագույն խորհուրդն է, որտեղ գրված է, որ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այնուհետեւ միջկառավարական խորհուրդն է, որտեղ նույնպես որոշումները ընդունվում են բացառապես կոնսենսուսով: Երրորդ մարմինը հանձնաժողովն է: Այս պարագայում պետք է տարբերակում մտցնել՝ հանձնաժողովն ունի խորհուրդ եւ կոլեգիա, եւ խորհրդի պարագայում նույնպես որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց հանձնաժողովի կոլեգիայում որոշումներն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ, որը սահմանված է հենց պայմանագրում, դա ընդհանուր թվի 2-3 մեծամասնությունն է:

Ա. Ա.- Վարդանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես են որոշումներն ընդունվում, հետեւաբար այդ մտահոգությունները տեղին չե՞ն:

Անդրիաս Ղուկասյան.- Ճարտարապետությունը այդ կառույցի հետեւյալն է` հանձնաժողովն է այն մարմինը, որ իրականացնում է եւ կարգավորում, եւ ինքն է այն իրավաստեղծ մարմինը, որի նորմատիվ ակտերը պարտադիր են ԵՏՄ ողջ տարածքում: Առաջին եւ երկրորդ նշած մարմինները դրանք այն մարմիններն են, որոնք իրականացնում են հանձնաժողովի ղեկավարում, այսինքն՝ իրավասու են նշանակել եւ ազատել անդամներ, ուրիշ պետություններ ներգրավել եւ այլն, բայց բուն կարգավորմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը ընդունում է հանձնաժողովը եւ ընդունում է այդ որոշումները հիմնականում որակյալ մեծամասնությամբ` բացառությամբ զգայուն հարցերից, որոնց ցանկը որոշում է հանձնաժողովի խորհուրդը, որոնք ընդունվում են կոնսենսուսով:

Վ. Պ.- Ես ուզում եմ մի բան ավելացնել. այնուամենայնիվ, եկեք տարբերակենք` հանձնաժողովն ունի մի կողմից խորհուրդ, մի կողմից` կոլեգիա, խորհրդի բոլոր որոշումներն են ընդունվում կոնսենսուսով, խորհուրդն իսկապես որոշում է զգայուն հարցերը, դա որոշում է բարձրագույն խորհուրդը, որը նորից պետք է կոնսենսուսով որոշումներն ընդունի:

Ա. Ա.– Որո՞նք են, ըստ ձեզ, զգայունները:

Վ. Պ.- Ես չեմ կարող ասել, ես ծանոթ չեմ իրենց պրակտիկային, չգիտեմ` որո՛նք կդիտարկվեն որպես զգայուն հարցեր, բայց ենթադրում եմ, որ բոլոր այն տիպի հարցերը, որտեղ կան քաղաքական մեծ շահագրգռվածություններ այս կամ այն անդամ պետության կողմից, պետք է լինեն զգայուն հարցեր:

Ա. Ա.- Դուք ասացիք, որ կոլեգիան է ամենակարեւոր մարմինը այս ամբողջ ճարտարապետության մեջ:

Ա. Ղ.– Իրավական նորմեր ստեղծող` պետական կառավարման ոլորտների մասին է խոսքը գնում, այդ ոլորտներում նորմատիվ ակտեր ստեղծող մարմինը հանձնաժողովն է, որը բաղկացած է կոլեգիայից եւ խորհրդից:

Վ. Պ.- Այստեղ շեշտենք` հանձնաժողովը, ոչ թե կոլեգիան, հանձնաժողովի գլխավոր մարմինը խորհուրդն է, աշխատող մարմինը, իրականացնող մարմինը, այսպես ասենք, գործադիր մարմինը հանդիսանում է կոլեգիան, եւ կոլեգիայում որոշումները ընդունում են որակյալ մասնագետները:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930