Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Տասնմեկ տարի հետո կառավարությունը հիշել է, որ անելիք ունի

Նոյեմբեր 21,2014 17:30
mesrop Harutyunyan

ՀՀ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին տարածեց մի բավականին հետաքրքիր տեղեկություն, որ, հնարավոր է, շատերի ուշադրությունից է վրիպել՝ արտաքուստ այնքան էլ հրատապ չլինելու պատճառով: Իրականում այն, ինչի մասին հաղորդվում էր, արդեն ոչ թե քննարկումների փուլում պիտի լիներ, այլ կատարված փաստ:
Ուրեմն այսպես. ըստ հիշյալ հաղորդագրության՝ «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները»:

Ձեզ թվում է՝ ոչինչ արտառոց չկա՞ եւ կարելի է ողջունե՞լ կառավարությանը, որ այսպիսի նախագիծ է պատրաստում: Համաձայն եմ: Մասամբ:

Խնդիրն այն է, որ կառավարությունը նման որոշում (կամ՝ երկու որոշում) պիտի ընդունած լիներ վաղուց, առնվազն տասը տարի առաջ: Բացատրեմ. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերին: Այսինքն՝ այն գործում է արդեն 11 տարի: Այդ օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներով կառավարության համար նախատեսված էր երկու պարտավորություն:

Ըստ օրենքի հոդված 5-ի՝ «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։

Եվ՝ ըստ օրենքի հոդված 10-ի. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Այսինքն՝ կառավարության նման որոշում (կրկնեմ՝ կամ որոշումներ) հարկ էր ընդունել 10 տարի առաջ: Բացատրեմ, թե ինչու երկու անգամ փակագծերում նշեցի՝ «կամ որոշումներ»: Ինչպես պարզ է դառնում հաղորդագրությունից, արդարադատության նախարարությունը նախապատրաստում է կառավարության մեկ որոշման նախագիծ, որի մեջ նախատեսվում է համատեղել ու սահմանել ե՛ւ «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման» կարգը» եւ «տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման» կարգը (ի դեպ՝ ինչո՞ւ է կառավարության որոշման նախագծում երկու դեպքում էլ օգտագործվել «տեղեկատվության» եզրույթը եւ ոչ՝ «տեղեկությունների», ինչպես միանգամայն ճշտիվ սահմանված է օրենքով. խորհուրդ կտամ նախագծի հեղինակներին մի անգամ էլ կարդալ օրենքը՝ երկու եզրույթների տարբերությունը, մեղմ ասած՝ զգալու համար:)
Այս կարգի (կարգերի) բացակայությունն, իրոք, երբեմն խոչընդոտում էր օրենքի ամբողջական կիրառմանը, եւ լավ է, որ կառավարությունը, վերջապես որոշել է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունը, թեպետ այն կատարելու համար, ինչպես տեսնում ենք, 11 տարի է անհրաժեշտ եղել:

Այսուհանդերձ, տարածված հաղորդագրության մեջ կա եւս մի բան, որ որոշ մտահոգությունների տեղիք է տալիս: Այնտեղ նշված է. «Ըստ ներկաների՝ անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել օրենսդրական ոլորտում, քանի որ 11 տարի առաջ ընդունված տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բարեփոխման կարիք ունի: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ էլ արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկումներ ծավալել, լսել առաջարկություններ»:

Անցած տարիներին կառավարությունը մեկ անգամ արդեն փորձել է փոփոխություններ կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, եւ այդ փոփոխությունների նախագիծը մերժվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որովհետեւ այն վատացնում էր այս, ըստ էության, միանգամայն հաջող օրենքը: Մտահոգությունս է, որ փոփոխությունների առաջարկն օգտագործելով՝ կառավարությունը կարող է դարձյալ փորձել իրեն ձեռնտու, բայց ոչ հասարակությանն օգտակար փոփոխություններ կատարել: Այսպես եմ կարծում, քանզի չեմ կարող ելնել լավ կառավարության կանխավարկածից (պրեզումպցիայից), իսկ վատ կառավարությունն աչքիս առաջ է, ու նրանից լավ փոփոխություններ ակնկալելը՝ դժվար:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930