Կշահե՞նք արդյոք
«Սահմանադրականության մասին հարցի պատասխանը ՍԴ-ն պետք է տա, որի աշխատակազմը ահռելի աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Իսկ երբ որ պայմանագիրն ԱԺ կբերի, մենք կսկսենք քննարկումներն ու մասնագիտական ուսումնասիրությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ սահմանադրականությանն առնչվող հարցին: Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, ամսի 14-ին հրապարակած իր վճռով հաստատեց` ԵՏՄ պայմանագրում անդամ երկրների մասնակցային իրավունքները, ինքնիշխանության հարցերը սահմանադրականության առումով խնդիրներ չեն հարուցում: Պայմանագիրը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի դեկտեմբերին, իսկ մինչ այդ այն քննարկումների փուլ կանցնի խորհրդարանական հանձնաժողովներում, կլինեն նաեւ լսումներ, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերի 24-ին: Գլխադասային հանձնաժողովը, հավանաբար, կլինի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, թեպետ տեսակետ է շրջանառվում, որ հնարավոր է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լինի գլխադասային:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանն առհասարակ, ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է. «Ես միշտ նշել եմ, որ, այո, դա Հայաստանի համար հնարավորություն է 800 անուն ապրանքների մասով արտոնություններից օգտվելու եւ դուրս գալու 170 միլիոնանոց շուկա: Այլ հարց է, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, դրանից շահելու է պետական բյուջե՞ն, որը կարող է անգամներով կրկնապատկել իր՝ այդ մասով եկամուտները, թե՞ առանձին վերցված մարդիկ, ընկերություններ, մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպություններ»: Տիգրան Ուրիխանյանը մեր երկրի համար էականորեն կարեւոր է համարում կոմունիկացիաների խնդիրը. մասնավորաբար, Աբխազական երկաթգծի հատվածն, ըստ նրա, մեզ համար հնարավորություն է նորովի վերաիմաստավորելու այն եւ նորովի առաջ քաշելու այլեւս գործընկեր պետություններ ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի առջեւ:
«ԵՏՄ անդամակցությունն, իհարկե, չի կարող չդիտարկվել ԼՂՀ-ի անվտանգության, հետեւաբար նաեւ՝ ՀՀ-ի անվտանգության տեսակետից, քանզի ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ այլընտրանքային այլ տարբերակ մինչ այսօր որեւէ երկրի, մասնավորաբար՝ Եվրոպական միությունից, չենք ունեցել ու չունենք: Ի՞նչ նոր հնարավորություններ է ձեռք բերելու ՀՀ-ն այս ամդամակցությամբ` հարցին մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի առնելով այն բոլոր հնարավորությունները, որոնք տրվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնց շուրջ երկար բանակցություններ են եղել, մասնավորաբար, հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստերում, բավականին: Նա հստակեցրեց, որ փոքր եւ միջին գործարարության մասով միջպետական մակարդակում պետք է քննարկվեին ու հստակեցվեին մոդելային օրենքները, ենթաօրենսդրական ակտերը եւ մնացյալ բոլոր ընթացակարգերը, որոնք պայմաններ պետք է ապահովեն ԵՏՄ տարածքում մանր ու միջին գործարարության զարգացման համար:
Կարդացեք նաև
Բայց սրանք բոլորը մեր զրուցակիցը համարում է քննարկման ենթակա հարցեր` հայաստանյան իրողությունները թույլ տալո՞ւ են արդյունքներ քաղել, թե՞, ինչպես ասում էր հայտնի գործիչը՝ «ցանկանում էինք լավ, ստացվեց՝ ինչպես միշտ» տարբերակը կգործի:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2014