Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ պոտենցիալ աշխատուժ են

Նոյեմբեր 21,2014 16:00

Ո՞ւր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո: Մեր երկրում շատ հաճախ նրանք կամ մնում են տանը փակված, ինչի արդյունքում խորանում է նրանց բարդույթը, կամ էլ հայտնվում են հաստատություններում, փողոցում՝ մուրացկանի, թափառաշրջիկի կարգավիճակում: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնում «Փրկություն» հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը: Մինչդեռ տիկին Աբրահամյանի վստահեցմամբ՝ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ պոտենցիալ աշխատուժ են, որի մասին ո՛չ գործատուները, ո՛չ էլ առհասարակ հասարակությունը բավարար իրազեկված չեն: Մտավոր խնդիրներ ունեցող այն քաղաքացիները, որոնք նույնիսկ աշխատում են, օրինական ձեւակերպված չեն, եւ գործատուն ամեն պահի կարող է նրանցից ազատվել՝ առանց օրենքի առաջ պատասխանատվություն կրելու:

Տիկին Աբրահամյանի խոսքերով՝ իրենց կազմակերպության աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ շատ պարտաճանաչ են. «Եթե առողջ մարդիկ որեւէ աշխատանք կատարելիս կարող են միաժամանակ մտածել տարբեր բաների մասին, ապա մտավոր խնդիր ունեցող մարդը կարող է կենտրոնանալ մի գործողության վրա եւ աշխատանքը կատարել ավելի պարտաճանաչ, քան առողջները:

prkutyun-2

Գործատուներից համբերություն եւ ժամանակ է պահանջվում մտավոր խնդիր ունեցող անձին տվյալ աշխատանքը սովորեցնելու համար: Եթե ճիշտ ընկալվի մտավոր խնդիր ունեցող քաղաքացին հասարակության մեջ, ապա նա կարող է ամեն ինչի հասնել՝ իր ունակությունների սահմանում, որի արդյունքում կվերանա այն կարծրատիպը, որ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ մշտապես օգնություն ակնկալողի կարգավիճակում են»:

Ներկայումս մեր երկիրը մի շարք ծրագրեր է իրականացնում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես՝ երեխաները, չհայտնվեն հատուկ հաստատություններում եւ ապրեն ընտանիքում, սակայն մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդկանց հարցում դեռ ակնառու արդյունքներ չկան: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կընձեռեր նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության մեջ:

Նկատենք, որ «Փրկություն» հ/կ-ի մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնը միակն է, որն ապահովում է մտավոր խնդիր ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամք, կազմակերպում նրանց առօրյան, որի արդյունքում ընտանիքը կարողանում է ապրել իր բնականոն կյանքով:
«Երբ ասում ենք, որ երեխան պետք է ապրի ընտանիքում, դա պետք է իրականություն դարձնենք, այլ ոչ թե լոզունգ: Այսինքն՝ մենք ապահովում ենք մտավոր խնդիր ունեցող երեխայի ցերեկային խնամքն ու կազմակերպված առօրյան, որպեսզի նա չխանգարի ընտանիքի աշխատանքային գործունեությանը: Շատ հաճախ նման երեխաներ ունեցող ընտանիքները, սոցիալական վիճակից ելնելով, փորձում են նրանց տեղավորել մանկատուն, որպեսզի, ըստ ծնողների, նրանք չխանգարեն ընտանիքի առողջ երեխաներին: Մենք ուզում ենք, որ երեխան ապրի մոր կողքին, քանի դեռ մայրը ողջ է, իսկ նրանից հետո թե ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը»:

Ներկայումս այս կենտրոն են հաճախում մտավոր խնդիրներ ունեցող 15-35 տարեկան 65 քաղաքացի: Տիկին Աբրահամյանը, խոսելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրավունքներից, փաստում է, որ ամենաշատը խախտվում է նրանց՝ լիիրավ քաղաքացի լինելու իրավունքը, չնայած նրանք էլ մեր պետության լիիրավ քաղաքացիներ են. «Եթե նույնիսկ այսօր նրանց համար կա ուսուցում, ապա այդ ուսուցումը չունի շարունակություն…
Երբ մարդը կարողանում է աշխատել եւ ապացուցել, որ ինքը կարող ուժ է, այդտեղ մնում է արդեն հասարակության դերը՝ չնայած մտավոր խնդիր ունեցող հաշմանդամ մարդկանց ճանապարհը դեպի հասարակություն սկսվում է ընտանիքից. ինչպիսին ընտանիքը նրան ներկայացնի, այնպիսին նա ընկալվում է: Ինչքան էլ ընտանիքը ներկայացնի հասարակությանը, միեւնույն է՝ նրանց հանդեպ հիմնականում կա խղճահարություն»:
Ցերեկային խնամքի կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ ձեռագործության տարբեր ոճերի, կավագործության, գեղագիտական ձեւավորման, նկարչության, թատերական եւ այլն: Խմբակներում շահառուներն ինքնուրույն են որոշում իրենց պատրաստվող աշխատանքը եւ նրա գույները, ինչն էլ, կենտրոնի մասնագետների խոսքերով, հնարավորություն է տալիս զարգացնել ձեռքի մոտորիկան, երեւակայությունը:
Կենտրոնում աշխատող բազմամասնագիտական թիմը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մոտ փորձում է զարգացնել ունակությունները, որպեսզի անձը իրեն առնչվող հարցերում՝ իր մտավոր ունակությունների սահմաններում, կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել:

«Այսինքն՝ մենք առաջինը ընտանիքին, ինչու չէ՝ նաեւ հասարակությանը ձգտում ենք ապացուցել, որ այս մարդիկ անհատ են, կարող ուժ, եւ այս կամ այն հարցում ինքը պետք է որոշի՝ դա ուզո՞ւմ է անել, թե՞ ոչ, օրինակ՝ նրան ասում են գնա մուրացկանության, ինքը որոշի՝ ուզո՞ւմ է անել, թե՞ ոչ»,- ասում է մեր զրուցակիցը: Ուսումնասիրելով զարգացած երկրների փորձը՝ տիկին Աբրահամյանը վստահեցնում է, որ մտավոր խնդիրներ ունեցողները կարող են աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում. «Եթե գործատուն խուսափում է, որ իր այցելուները նրանց կտեսնեն, ինչն էլ կարող է իր բիզնեսի վրա բացասաբար անդրադառնալ, ապա նրանք կարող են լինել տվյալ հաստատության փակ հատվածում, օրինակ՝ ափսեներ լվանալ, արկղերը դասավորել, աշխատել լվացքատանը կամ արդուկ անել: Այսինքն՝ եթե գործատուն ունենա ցանկություն եւ համբերություն, այդ ամենը կդառնա իրականություն»:

Այսօր քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներոմ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ պետական աջակցությամբ ունեն աշխատանք: Ընդհանրապես, Արփինե Աբրահամյանը գտնում է, որ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար պետք է ստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ, որտեղ նրանք կաշխատեն՝ իրենց վրա չունենալով աշխատանքային պլան. «Մտավոր խնդիրներ ունեցողների պարագայում ավելի խելամիտ է սոցիալական ձեռնարկությունը, որտեղ հիմնականում կլինեն մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ, որովհետեւ նախ՝ նրանք երկարատեւ նստել ու աշխատել չեն կարող, նրանց պետք են այնպիսի պայմաններ, որպեսզի հոգնելու դեպքում հանգստանան եւ նորից անցնեն աշխատանքի: Նրանց մեծ մասը օգտագործում են հոգեմետ դեղեր եւ օրվա ընթացքում կարիք ունեն հանգստի, ուստի կարելի է կազմակերպել աշխատանքը նրանց համապատասխան պայմաններում, բայց երբեք չկորցնել այն աշխատանքային պոտենցիալը, որն ունեն մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ: Դուք տեսաք մեր շահառուների աշխատանքային կարողությունները, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել, օրինակ՝ թեկուզ լինի աշխատանք՝ կապված մանկատների կամ ծերանոցների հետ՝ հագուստ, գուլպաներ, անձեռոցիկների փոխվող տուփեր պատրաստելու եւ այլն: Սակայն մոտեցումն այսօր այլ է, որովհետեւ չկա ճիշտ աշխատելաոճ պատվերների տրման հարցում, որի արդյունքում մտավոր խնդիր ունեցող մարդիկ նույնպես կներգրավվեն՝ որպես պատվեր կատարողներ»:

Արփինե Աբրահամյանն ասում է, որ շահառուների աշխատանքները պարբերաբար ներկայացվում են ցուցահանդես-վաճառքների, եւ եթե աշխատանքը վաճառվում է, վաճառքից ստացված գումարի կեսը տրվում է շահառուին, մյուս կեսով էլ խմբակների համար անհրաժեշտ պարագաներ են ձեռք բերում: Նման քայլով ծնողը համոզվում է, որ իր մտավոր խնդիր ունեցող երեխան ոչ թե հոգս է սեփական ընտանիքում, այլ նա կարող է իր փոքրիկ լուման ներդնել ընտանիքում: Շահառուներն իրենք են առաջարկում նոր էսքիզներ կամ աշխատանքներ պատրաստել, սակայն երբ տեսնում են, որ աշխատանքները լճացել են, չունեն իրենց սպառողը, դժվարությամբ են նոր աշխատանքներ պատրաստում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930