Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնություն է եկել՝ պլաստմասսա, թուղթ, քարից ու գիպսից իրեր

Նոյեմբեր 21,2014 15:30

Այս տարի Հայաստան ներմուծվող մարդասիրական օգնության ծավալներն աճել են: Ընդ որում, ուշագրավը ոչ թե օգնության ծավալի աճն է, այլ՝ թե ինչ ապրանքներ են որպես մարդասիրական օգնություն ներմուծվել մեր երկիր:

Օրինակ՝ մանածագործական, քիմիական արտադրության հումքերը, պլաստմասսայե արտադրության ապրանքներն ու սարք-սարքավորումներն ավելի մեծ ծավալի են, քան ասենք՝ սնունդը կամ կոշկեղենը, իսկ հագուստ, որը մարդասիրական օգնության ապրանքների շարքում սովորաբար առաջնային տեղերում է, ոչ մի կիլոգրամ չի ներկրվել:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2014-ի հունվար-սեպտեմբերին» հավելվածի մարդասիրական օգնության բաժնում հրապարակված են ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալները: Ըստ այդմ, Հայաստան այս տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 հազար 882 հարյուր տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 17.1 միլիարդ դրամ կամ 41.6 միլիոն դոլար: Ստացված օգնության 39.4%-ը քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք է, 19.0%-ը՝ մանածագործական իրեր, 7.9%-ը՝ սարքեր եւ ապարատներ, 7.5%-ը՝ մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, 7.1%-ը՝ տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 19.1%-ը՝ այլ ապրանքներ:

ԱՎԾ տվյալներով՝ բուսական ծագման արտադրանք է օգնություն եկել 175.2 տոննա, որի արժեքը կազմել է 228 միլիոն դրամ, իսկ պատրաստի սննդի արտադրանք է ներմուծվել 154.7 տոննա՝ 343.6 միլիոն դրամ արժողությամբ:

Կենդանական եւ բուսական ծագման յուղեր, ճարպեր են ներկրվել 36.5 տոննա՝ 54.5 միլիոն դրամի:

Կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանքներ են օգնություն ուղարկել 0.3 տոննա՝ 3.8 միլիոն դրամի. հետաքրքիր է, որ նախորդ տարի ներմուծված այս ապրանքների 8.1 տոննան է կազմել 3.7 միլիոն դրամ:
Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի 106.9 տոննա արտադրանք է ներմուծվել՝ 6.7 միլիարդ դրամ արժողությամբ:

Իսկ վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ, հիշեցնենք՝ որպես մարդասիրական օգնություն, ներմուծվել է 92.2 տոննա՝ 316 միլիոն դրամի, սարքեր եւ ապարատներ՝ 47.8 տոննա՝ 1,3 միլիարդ դրամ արժողության: Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ են օգնություն ուղարկել 42.4 տոննա՝ 336 միլիոն դրամի:

Մարդասիրական օգնություն են Հայաստան ներմուծվել իրեր՝ քարից, գիպսից, ցեմենտից, եւ ինչպես նշված է ԱՎԾ-ում, այս ապրանքների ծավալը կազմել է 1000 տոննայից ավելի՝ մոտ 300 միլիոն դրամ արժողությամբ:

Հայաստան մարդասիրական օգնություն են ուղարկել նաեւ պլաստմասսա եւ դրանցից պատրաստված իրեր, կաուչուկ եւ ռետինե իրեր, թուղթ եւ թղթե իրեր, նույնիսկ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ եւ նաեւ արվեստի ստեղծագործություններ: Օգնություն են ուղարկում տարբեր երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ, Հնդկաստան, Չինաստան եւ այլն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930