Թբիլիսիում ապրող, ստեղծագործող բանաստեղծուհի, թարգմանիչ, հայ գրականության վիրահայ թեւի նվիրյալներից մեկի՝ Անահիտ Բոստանջյանի «Հենց այսպես» բանաստեղծությունների գիրքը թվով երեսունմեկերորդն է: «Ինքնաճանաչման եւ ինքնագնահատման անցագիրն է սա, որն օգնում է ընթերցողին թափանցել Անահիտ Բոստանջյանի ստեղծագործությունների մեջ, տաք ու ջնարակային փափկությամբ հորդացող գույների կողքին տեսնել նաեւ մռայլն ու սեւը, ցավն ու մորմոքը, վիշտն ու տագնապը»,- գրքի առաջաբանում գրում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լեւոն Մութաֆյանը:
«Հենց այսպես». պարզ, թվացյալ միամիտ վերնագրի ներքո տպագրված բանաստեղծությունները մեկ ներկայացնում են բանաստեղծուհու հոգեվիճակը՝ պարզ, ապա՝ մթին, հռետորական հարցադրումներով, մեկ՝ նուրբ, քնարական փիլիսոփայությամբ:
Բանաստեղծուհու համակուրսեցի, բանաստեղծ Արա Արթյանն իր «Ապրել եւ գրել հենց այսպես» խոսքում գրում է. «Այս գրքում Անահիտը դարձյալ ինքն իր հետ է՝ ուղղամիտ ու շիտակ, ամեն ինչի ու բոլորի հետ: Դարձյալ հոսանքի մեջ է, հաճախ հոսանքն ի վեր պրկված մի մղումով, բայց ժպտադեմ բարությունն այստեղ նաեւ ըմբոստ փորձառությունն է, չհանդուրժող ու անհաշտ, մաքառող ու դիպուկ, ընդդիմադիր խոսք՝ ընդդեմ անարդարության ու կեղծիքի, ընդդեմ ոտնատակ արված մարդկային արժեքների»:
Ըստ բանաստեղծի, գրքի վերնագիրը ինքնահաստատման բանաձեւ է, անզիջում բնավորության արտահայտություն:
«Մի թարգմանեք ինձ»,- գրում է բանաստեղծուհին, ապա՝ «Ընդունեք ինձ որպես բնագիր ու կարդացեք… կարդացեք այնքան, մինչ մի օր անգիր անեք, մնամ ձեր շուրթերին տիվ ու գիշեր, աղոթք դարձած ձեր լավ օրվա, ուրախության, փառքի համար»:
Գիրքը չորս մասից է բաղկացած. «Ինձ չթարգմանեք», «Բրաբիոն ծաղիկ», «Միմյանց աչքերի մեջ» եւ «Մենության բեկորներ»:
Ինձ հատկապես դուր եկավ «Միմյանց աչքերի մեջ» շարքը. զտարյուն սիրերգություն, ուր ամեն ինչ նույնն է, ինչպես սիրտը, սրտի տեղը, անգամ՝ սիրած էակի վերադարձից հետո. «Ներս արի, ամեն ինչ նույնն է, թող որ քեզ չթվա, թե ես փոխվել եմ, պարզապես պոեզիան դարձել է պրոզա…»: Կամ՝ «Ներս արի, արի, ոչինչ չի փոխվել, պարզապես երեկն այսօր է դարձել, պարզապես դու ես տուն վերադարձել»:
Կարդացեք նաև
«Սիրո մոնոլոգ» բանաստեղծության մեջ բանաստեղծուհին գրում է. «Ինձ ու քեզ էլի նույն երկինքն է ծածկում, նույն երկնքին են նայում աչքերը երկուսիս… արի վստահենք այն երկնքին, որ ծածկում է նորից երկուսիս առաջվա նման»:
Անահիտ Բոստանջյանի պատկերները հաճախ ասես նկարչի ներկապնակից պոկված նախշեր են հիշեցնում: Ահավասիկ դրանցից մի քանիսը. «Մտքերս կույր թռչուններ, կտցահարում են ուղեղիս դուռը», «Բանականության աչքն է միայն, որին տրված է հուղարկավորել պատրանքները մեր», «Քո քարերը պտղատու», «Եվ առյուծը հին դրոշի՝ մռնչում է, տես քո կողքին», «Հոգուս միջով Քուռն է հոսում»:
Սակայն ամեն բան չի հաջողվում բանաստեղծուհուն: Նա իր «Ուզեցի, չկարողացա» բանաստեղծության մեջ գրում է, որ ուզել է բացել փակագծերը օրվա, վերծանել բառի ենթաշերտերը, պարզել հավատի իսկությունը, սակայն… «զարհուրած այն մտքից, որ կարող են սիրելով խաբել մերձավորին ու դրանով իրեն իսկ՝ Աստծուն», հետ է քաշվում:
Բանաստեղծուհին շնորհակալ էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Մելիտոնյանին եւ խմբագիր Անուշ Վարդանյանին՝ իրեն այսպիսի գեղեցիկ ու գողտրիկ հոբելյանական նվեր մատուցելու համար:
Նա սպասում է Իրակլիի հզոր վեպի լույսընծայմանը, որը կիրականացնի «Անտարեսը»՝ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2014