Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցանկությունս է, որ ձեր օպերային թատրոնն ընդգրկվի «Opera-Europa»-ի կազմում»

Նոյեմբեր 21,2014 14:00

Հայաստանում է լատվիացի անվանի արվեստագետ Անդրեյս Ժագարսը

Լատվիացի անվանի կինոդերասան Անդրեյս Ժագարսը հայ հանդիսատեսին ծանոթ է «Խաղը կկայանա ցանկացած եղանակին», «Կլիմ Սամոգինի կյանքը», «Հաջողություն ձեզ, պարոնայք», «Վայրի կարապներ» եւ այլ ֆիլմերում խաղացած գլխավոր դերերից: Լայն ընթերցողի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այս արվեստագետը, սկսած 1990-ական թվականներից, ճանաչված օպերային թատրոններում հանդես է գալիս իբրեւ բեմադրիչ՝ իրականացնելով համաշխարհային եւ ժամանակակից օպերային գրականության շուրջ 20 ստեղծագործություն: Ավելին, նա 17 տարի՝ մինչեւ 2013թ. հանդիսացել է Լատվիայի ազգային օպերային թատրոնի տնօրենը: Հենց Ժագարսի «դերակատարությամբ» են այսօր աշխարհի ցանկացած օպերային թատրոնների ցանկալի հյուրեր՝ մասնագետների կողմից թիվ 1 մեցցո սոպրանո հռչակված Էլինա Գարանչանը, օպերային աստղեր Քրիստինա Օպոլայսը, Մարինա Ռեբեկան, Մայա Կովալեւսկան, Ալեքսանդր Անտոնենկոն, 24 տարեկանից Լատվիայի թատրոնի գլխավոր դիրիժոր, վերջերս Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած Անդրիս Նելսոնսը եւ ուրիշներ:

Շուրջ մեկ տարի Երեւանում ապրող ու ստեղծագործող ճանաչված ալտահար, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենեջեր Մաքսիմ Նովիկովի հրավերով Անդրեյս Ժագարսը երկրորդ անգամ է ժամանել Հայաստան:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պարոն Ժագարսն ասաց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ժամանակ ունկնդրել է Ազգային օպերային թատրոնի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգիչներին ու երիտասարդ վոկալիստներին: Նրա ձեւակերպմամբ՝ գոնե այսօր աշխարհի ցանկացած երկիր չի կարող հպարտանալ իր օպերային ձայներով այնպես, ինչպես Հայաստանը: Նա նշեց նաեւ, որ արտերկրյա օպերային թատրոններում իր ռեժիսուրայով բեմադրություններում հանդես են եկել հայազգի երգիչներ եւս, այդ թվում՝ ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի լատվիաբնակ դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:

zagars

Մաքսիմ Նովիկովը (ձախից), երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը, Անդրեյս Ժագարսը եւ օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Լեւոն Ջավադյանը:

Անդրեյս Ժագարսը տեղեկացրեց, որ օրերս հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի եւ կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ: «Երեւանի օպերային թատրոնն այսօր իր ժամանակակից գերհագեցած տեխնիկայով դասվում է աշխարհի հռչակավոր նման օջախների շարքում: Եթե գումարենք նաեւ հայաստանյան հիանալի ձայները, ապա աշխարհին հավուր պատշաճի ներկայանալու համար ձեզ տասնամյակներ հարկավոր չեն: Պարզապես անհրաժեշտ է դեպի օպերային արվեստի բարձունքներ ընթացող բովանդակալից, պատշաճ ծրագիր: Շնորհակալ եմ թե նախարարից եւ թե թատրոնի տնօրենից՝ ջերմ ընդունելության համար: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ երկկողմ բանակցությունների ընթացքում արդեն կլինեն կոնկրետ քայլեր կամ նախագծեր»,- ասաց պարոն Ժագարսը: Հավելեց նաեւ, որ կոնսերվատորիայի դահլիճում այս անգամ լսել է շուրջ 30 վոկալիստների: Նշեց հատկապես օպերային թատրոնի մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանի, երգիչներ Սիրանուշ Գասպարյանի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի եւ կոնսերվատորիայի որոշ ուսանողների անուններ:

Հարցին՝ մեր ժամանակներում աշխարհին ներկայանալու համար միայն հզոր, հաճելի տեմբրով օպերային ձայն ունենալը միա՞կ նախապայմանն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլոր ժամանակներում էլ ցանկացած երաժիշտ ինչ-ինչ ուղիներով կարողանում է հարթել իր ճանապարհն ու դուրս գալ համաշխարհային բեմեր: Այս պարագայում բացառություն չեն նաեւ հայաստանցի երաժիշտներն ու մասնավորապես՝ երգիչները: Իմ ցանկությունն է աշխարհին ներկայացնել ոչ միայն առանձին հայազգի ձայներ, այլ հասնել նրան, որ Երեւանի օպերային թատրոնն ընդգրկվի 39 երկրից 156 անդամ ունեցող օպերային թատրոնների ու փառատոների «Opera-Europa» միավորման կազմում: Այս ցանկում ոչ միայն եվրոպական թատրոններն են, այլեւ ձեզ քաջածանոթ ռուսաստանյան «Բոլշոյ», Մարիինյան, Միխայլովյան, Պերմի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի, Ճապոնիայի համբավավոր թատրոնները եւ այլն»: Իսկ թե Երեւանում ո՞ր օպերան կուզեր բեմադրել, պարոն Ժագարսը տվեց երկու անուն. Պուչինի՝ «Մանոն Լեսկո» եւ Մոցարտ՝ «Կախարդական սրինգ»: Հետաքրքրվեցինք՝ օրինակ, իր վերջին աշխատանքը Լատվիայում՝ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությունը ի՞նչ ծախսեր է պահանջել: Արվեստագետը ստույգ պատասխանեց՝ 170-180 հազար եվրո:
Իսկ թե ինչն էր Լատվիայի օպերային թատրոնից 2013թ. ազատվելու պատճառը, Անդրեյս Ժագարսը հավաստիացրեց, որ դա կախված էր օպերային թատրոնի ստրուկտուրայի փոփոխության հետ, այսինքն՝ թատրոնը ղեկավարում է ոչ թե տնօրինությունը, այլ վարչությունը եւ հետո էլ անկեղծացավ, նշելով. «Մշակույթի նախարարը, որն ինձ ազատեց տնօրենի պարտականություններից, հենց այդ որոշման առիթով էլ մեր վարչապետն ազատեց նրան նախարարի պաշտոնից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930