Ասում է թուրք ֆոտոլրագրող Այկութ Գյունգյորը
«Երբ նախկինում լսում էինք վատ նորություն Հայաստանից, օրինակ՝ պատերազմ է եղել, կոնֆլիկտ կա, հնարավոր է՝ տխրեինք, ափսոսայինք: Բայց հիմա, եթե նման բան լսենք, հարգելով Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, մենք անհանգստանալու ենք ձեզ համար՝ Հռիփսիմեի, Աննայի, Մերիի, Սոնայի համար: Ես կանհանգստանամ՝ արդյոք ձեզ հետ բան չի՞ պատահել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թուրք ֆոտոլրագրող Այկութ Գյունգյորը:
Նրա հետ հանդիպել եւ երկշաբաթյա ուղեւորություն ենք անցել հոկտեմբերին՝ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ` հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար կազմակերպված ավտոբուսային ուղեւորության ընթացքում: Այկութի հետ շփումը մի քանի բառով եւ հիմնականում ժեստերով է եղել, մեր հաղորդակցման լեզուն անգլերենն էր, որին նա լիարժեք չէր տիրապետում, բայց այդքանն էլ բավական էր նրան ճանաչելու համար:
Չափազանց ուշադիր եւ նրբանկատությամբ առանձնացող մեր թուրք գործընկերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տարբերվում էր իր դիրքորոշումով, եւ դա այնքան անակնկալ եւ անսպասելի էր մեզ համար, որ նույնիսկ կասկած էր առաջացնում՝ հնարավոր է հայկական արմատներ ունի: Մեր կասկածները Այկութը միանգամից ցրեց՝ հայկական հարցի վերաբերյալ ժխտողական վերաբերմունք ունեցող ընտանիքում է մեծացել, երբ ինքն էլ իր ընտանիքում նման հարց է բարձրացրել՝ գուցե իրենք էլ են հայ, հայրը միանգամից պատասխանել է՝ «Մեզ քո գործերին մի՛ խառնիր»:
Այկութ Գյունգյորը մինչ լուսանկարչությամբ զբաղվելը հետաքրքրվել է ավտոսպորտով, բարձրագույն կրթություն չի ստացել, հնարավորություն չի ունեցել: 1990-ականների կեսերից աշխատանքի է անցել պրոֆեսիոնալ լուսանկարիչների մոտ, որպես օգնական, բնապատկերներ էր անում: «Հետո ես սկսել եմ աշխատել որպես ֆոտոլրագրող Բուրսայի տեղական թերթում,- պատմում է Այկութը եւ նշում, որ հենց այդ ժամանակվանից սկսեց լուսանկարչի՝ իր կարիերան,-1997 թվականին ես լուսանկար արեցի «Նավրոզի» (քրդական տոն) ժամանակ, եզակի քրդական փառատոն էր, որն ուղեկցվում էր ցույցով: Ես լուսանկարեցի Բուրսայում տեղի ունեցող այս միջոցառումը:
Մի լուսանկարում ոստիկանները եւ ցուցարարները սպասում էին միմյանց. ոստիկանությունը սպասում էր, որ միջամտեր, նույնիսկ այն պարագայում, երբ միջամտության հարկ չկար… Իմ ընկերն ինձ խորհուրդ տվեց՝ այդ լուսանկարով հայտ ներկայացնեմ մասնակցելու «Ասոշիեյթիդ պրեսի» միջոցառմանը, որը կոչվում էր «Դարի 100 լուսանկարներ»: Եվ ես եղա հինգ թուրք լուսանկարիչներից մեկը, ում բախտ էր վիճակվել մասնակցել այդ միջոցառմանը»:
Շատ սիրելով իր մասնագիտությունը՝ Այկութ Գյունգյորն այն առաջնայինը չի համարում իր կյանքում: «Երբ 1999 թվականին Թուրքիայում երկրաշարժ եղավ, ես գնացի աղետի գոտի՝ առանց վերցնելու իմ լուսանկարչական ապարատը, ես այնտեղ որպես փրկարարար էի: Մարդ լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան լուսանկարիչ լինելը: Ես այդ ժամանակ կարող էի լուսանկարել լավագույն լուսանկարները երկրաշարժի վայրից, բայց ես նրանցից չէի, որն առաջինը լուսանկարում է, հետո օգնում: Ես առաջինը պետք է օգնեմ, հետո գուցե լուսանկարեմ, բայց այդ օրերից ես ոչ մի լուսանկար չունեմ»,- ժպտում է նա:
Արդեն Հայաստանում մեզ հետ զրույցում անկեղծանում է, որ հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար կազմակերպված ավտոբուսային շրջագայությանը ցանկացել է մասնակցել, քանի որ ուզել է իր սեփական աչքերով տեսնել Հայաստանը. «Մենք եղբայրներ ու քույրեր էինք ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Դա էմոցիոնալ ազդեցություն ունեցավ իմ մտածմունքների վրա ամբողջ ուղեւորության ընթացքում»:
Թե որքանով կազդեն փոխադարձ շփումները երկու երկրների քաղաքացիների միջեւ, որքանով կօգնի մշակույթը, լուսանկարչությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, Այկութ Գյունգյորը թերահավատորեն է վերաբերվում. «Իհարկե, մշակույթն ունի ազդեցություն երկու երկրների հարաբերությունների նորմալացման հարցում, բայց նրա ազդեցությունը սահմանափակ է… Անձնական փոխազդեցությունները դեր չեն խաղալու քաղաքական որոշումների վրա»:
Հայաստանում թուրք լուսանկարիչը ցանկացել է տեսնել եւ արձանագրել՝ հարեւան երկրի կյանքը, թե ինչպես են ապրում այստեղ մարդիկ: «Ես Վերնիսաժում լուսանկարներ էի անում, մի տեղ տղամարդիկ նախաճաշում էին: Մոտեցա նրանց եւ սկսեցի լուսանկարել: Ես լավ անգլերեն չեմ խոսում, միայն մի 10-15 բառ գիտեմ, նրանք էլ առանձնապես անգլերեն չգիտեին, բայց փորձեցին հաղորդակցվել ինձ հետ, մենք շփվում էինք միմյանց հետ միմիկաներով եւ իմ իմացած տասը բառով: Ես նրանց ասացի, որ Ստամբուլից եմ, այդպես նրանք ինձ ավելի հեշտ կհասկանային, գուցե չիմանային՝ Բուրսան որտեղ է: Եվ երբ ես ասացի՝ Ստամբուլ, տարեց մարդկանցից մեկը հարցրեց՝ հա՞յ եմ, թե՝ թուրք, եւ երբ ես ասացի թուրք եմ, ուսիս հարվածելով ասաց՝ աղբարիկ: Նրանք ինձ հրավիրեցին կիսելու իրենց հետ հացը, բաստուրման, օղին,- պատմում է Այկութ Գյունգյորը, ավելացնում,- ես պատրաստվում եմ թուրք ժողովրդին սա ցույց տալ, որ իմանան՝ ինչպիսին են մարդիկ Հայաստանում: Չնայած այդ մարդկանց մեջ կային որոշները, որ ինձ այնքան էլ դրական չվերաբերվեցին, դա երեւաց նրանց դեմքի արտահայտությունից»:
Խոսելով արդեն ուղեւորության ընթացքում տրամաբանորեն ամենաշատ քննարկվող թեմայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Այկութ Գյունգյորն ասում է. «Դժվար է ծածկել ակնհայտը: Մեծ խնդիր ու ցավ կա, ինչը դու կարող ես կարդալ մարդկանց երեսին: Սկզբից դու պետք է ընդունես դա, հետո անես մի բան, որպեսզի բուժես մարդկանց վերքերը եւ զգացմունքները՝ առանց վնաս հասցնելու երկու երկրների ժողովրդին, որովհետեւ կլինեն որոշ ազդեցություններ եւ հակազդեցություններ Թուրքիայում: Ցեղասպանության ընդունումը հեշտ է: Կարող ես ասել՝ այո, ես ընդունում եմ, բայց խոսքերից հետո ի՞նչ ես անելու… ինչ-որ բան պետք է ավելացնես, պետք է լավացնես հարաբերությունները երկու երկրների միջեւ: Արդյունքն է կարեւոր: Ներողություն ասելը շատ հեշտ է, ես կարող եմ նայել քո աչքերի մեջ եւ ասել՝ ներողություն,- ասում է նա, ավելացնում,- պետք է ինչ-որ ձեւով փոխհատուցվի, յուրաքանչյուրը հասկանա, ինչի է արժանի: Մենք չպետք է պարտք մնանք ձեզ: Սա ուտոպիստական ցանկություն է, բայց դա իմ ցանկությունն է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2014