Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի պատվավոր քաղաքացին կոչմանը համապատասխան վարքագիծ չի դրսեւորում»

Նոյեմբեր 21,2014 12:30

Անահիտ Բախշյանը՝ Լեւոն Իգիթյանի մասին

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անհանգստացած է ավագանու մեկ այլ անդամի՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանի պահվածքից, որը, ի դեպ, 2013թ. ավագանու որոշմամբ Երեւանի պատվավոր քաղաքացի է:

Անահիտ Բախշյանը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց: Այդ պատճառով նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատել է խմբակի ղեկավար Հրաչ Համբարձումյանին: Անահիտ Բախշյանն ասում է, որ անընդհատ հնչում են Լեւոն Իգիթյանի բառերն այն մասին, որ ինքը միանձնյա է որոշում բոլոր հարցերը: «Բարեւ Երեւան» խմբակցության անդամի խոսքով՝ Լեւոն Իգիթյանի այս վարքագիծը շատ բնորոշ է իրեն, քանի որ վերջինն ավագանու նիստերին, որը Երեւանի մասին օրենքով բազմակուսակցական քաղաքական մարմին է եւ որտեղ որոշումները պետք է կայացվեն բազմակարծիք քննարկումների արդյունքում, նույն վարքագիծն է դրսեւորում, եւ վերին աստիճանի անհանդուրժող է, իսկ պահվածքն ուղղակի անհամատեղելի է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման հետ:

«Առավոտի» հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց, որ Հրաչ Համբարձումյանը, անկախ Լեւոն Իգիթյանի հրամանից, շարունակում է աշխատել Իգիթյանի ղեկավարած կենտրոնում, որովհետեւ երեխաները գալիս են պարապմունքների: Նա նաեւ ավելացրեց, որ նկարչության խմբակի ղեկավարը պահանջարկ ունի եւ նվիրյալ մարդ է:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ Լեւոն Իգիթյանի պահվածքն անհնար է հանդուրժել, քանի որ նա ինչ ուզում՝ անում է, ստացվում է հետեւյալը. «Ես եմ որոշում՝ աշխատանքից ազատեմ, թե չէ, ես ինքնագլուխ միանձնյա կայացնում եմ որոշումներ, թքաց ունեմ օրենքի վրա, բարոյականության վրա եւ այլն, ու այս ամենը այն ֆոնի վրա, որ նա քաղաքի պատվավոր քաղաքացի է»:

Դիտարկմանը, թե ավագանու նիստերի ժամանակ, քաղաքապետի կողմից երբեւէ նկատողություն չի՞ եղել Լեւոն Իգիթյանին՝ իր պահվածքի համար, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ընդհանրապես ավագանու նիստերին ինքը նույն անպարկեշտ պահվածքն ունի: Քաղաքապետն էլ նկատում է դա եւ մի քանի անգամ նույնիսկ նկատողություն է արել: Մանավանդ վերջին նիստին, մեր ելույթների ժամանակ Լեւոն Իգիթյանը տեղից ինչ-որ բաներ էր խոսում, որին ես ուշադրություն չդարձրեցի, սակայն քաղաքապետը նրան կարգի հրավիրեց»:

Տիկին Բախշյանը նաեւ հավելեց. «Իմ նամակում հստակ ասել եմ, որ սպասում եմ քաղաքապետի արձագանքին, ուզում եմ հասկանալ նրա վերաբերմունքը»:
Հարցին՝ ավագանու մյուս անդամներին կառաջարկե՞ք համախմբվել՝ Լեւոն Իգիթյանին կարգի հրավիրելու համար, Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք բոլորը հավասար լիազորություններ ունեցող մարդիկ են, Իգիթյանն էլ իրենց կողքին է նստում, եթե նկատում են նրա պահվածքը, թող մյուսներն էլ նրան կարգի հրավիրեն:

Վերջում հավելեց, որ ինքը Լեւոն Իգիթյանի պահվածքի գնահատականն է տալիս ու իր նամակում ասում է, որ հասարակության համար շատ կարեւոր է իմանալ Երեւանի քաղաքապետի ու ավագանու ՀՀԿ խմբակցության տեսակետն այս պատմության հերոսի մասին, մանավանդ որ՝ Լեւոն Իգիթյանը Երեւանի պատվավոր քաղաքացի է:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել նաեւ Լեւոն Իգիթյանի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930