«Մեդիա կենտրոնում» այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմակերպած ասուլիսին Բաքվից միացել էր նաեւ ադրբեջանցի լրագրող, Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Շահին Ռզաեւը: Նա նախ հայտարարեց, որ բոլոր ադրբեջանցիները չէ, որ արնախում են. «Նրանք այնպիսինն են, ինչպես դուք, դուք այնպիսինն եք, ինչպիսին նրանք: Կան շատ ընդհանուր կետեր, մենք լսում ենք նույն երաժշտությունը, ուտում ենք նույն տոլման, մենք երկրպագում ենք նույն ֆուտբոլային թիմերին»:
Անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները հարվածում են ուղղաթիռին, Շահին Ռզաեւը նշեց, որ ադրբեջանական հասարակությունը տարբեր կարծիքներ ուներ այդ հարցի շուրջ. Մի մասը համարում էր, որ դա ռազմական գաղտնիքի բացահայտում է եւ այդպիսով վտանգի տակ է դրվում տվյալ զինծառայողի կյանքը. «Մի մասն էլ կարծում էր, որ երկիրը պետք է ճանաչի իր հերոսներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այդպիսի դիրքորոշում արտահայտեց, երբ այդ զինծառայողին մեդալ շնորհեց: Եվ եթե պաշտպանության նախարարությունը տվել է նրա անունը, լրագրողները կարող են կրկնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ