«Հունվարի մեկից Մաքսային միությանն անդամակցությունը մեր տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ Հայաստանից հիմնականում գյուղմթերք է արտահանվում, իսկ այդ գործընթացը պահանջում է արագություն: Քանի որ գյուղմթերքներից շատերը շուտ են փչանում, արագ արտահանելու դեպքում հայ գյուղացին կարող է միայն շահել. «Այսօր Ռուսաստանում բնակվող մեր սփյուռքը պահում է Հայաստանի բնակչության 90 տոկոսին. Դրսում աշխատում են, գումարներն ուղարկում մեր երկիր: Մի քանի անգամ կբարելավվի մեր հայրենակիցների վիճակը Ռուսաստանում եւ Մաքսային միության անդամ մնացած երկրներում: Արդյունաբերական արտադրանքները, որոնք մենք չենք կարող Եվրոպայում վաճառել կարող են իրենց ուրույն տեղը գտնել Մաքսային միության երկրներում»:
Պարոն Եղիազարյանի կարծիքով՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցությունը կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգությանը. «ՄՄ-ի անդամակցությունը նաեւ Արաքսի ափով մեկ թուրքի համար պարտադրված խաղաղ սահման կսահմանի, եւ մեր ազգը զերծ կմնա նրանց ոտնձգություններից, ինչին ամեն վայրկյան պատրաստ են թուրքերը»:
Գուրգեն Եղիազարյանը համարում է, եթե Հայաստանը անդամակցեր Եվրամիությանը, ապա նրա գյուղմթերքը, արդյունաբերական արտադրանքները չէին համապատասխանելու եվրոպական ստանդարտներին: Նա նկատեց, որ Եվրոպայում էլ այդքան շատ աշխատող հայեր չկան, որոնք գումարով օգնում են Հայաստանում բնակվող իրենց ազգակիցներին:
Կարդացեք նաև
Հարցին, թե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն ազդի՞ Հայաստանի վրա, պարոն Եղիազարյանը բերեց Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության օրինակը՝ նշելով, որ նրա դեմ էլ են պատժամիջոցներ կիրառվել, իսկ այսօր նա աշխարհում համար առաջին տնտեսությունն ունի. «Այնպես, որ չկա չարիք առանց բարիքի: Այսօր կիրառվող այդ պատժամիջոցները, միգուցե ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի պարագայում դրական ներգործություն կունենան տնտեսության վրա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ռուսաստանը Չինաստան չէ: Ռուսաստանում տնտեսություն/արտադրություն չկա. միայն նավթ ու գազ. գինը իջնելուց ռուբլին փլվում է: