«Օգոստոսի դեպքերի հետ համեմատած՝ հայկական լրատվական դաշտում դրական միտում նկատվեց»,- այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայկական լրատվամիջոցների արձագանքին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած պատահարին, հայտարարեց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը:
Նրա խոսքերով՝ ուղղաթիռին հարվածը ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ուրախությամբ ընդունեցին. «Ուրախությունը գալիս էր նրանից, որ մի կողմից արդարացվում էր իրենց թեզը, թե իրենց բանակն ամենահզորն է, երկրորդն էլ հայկական կողմի զորավարժությունը աննախադեպ էր՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մոտ 80 տոկոսը ներգրավված էր զորավարժությանը, իսկ աշխարհում շատ եզակի երկրներ կան, նույնիսկ չգիտեմ՝ կա՞ն, թե՞ չէ, որ կարող են իր բանակի 80 տոկոսը ներգրավել զորավարժություններին: Ռուսաստանի ամենամեծ թիվը եղել է 20 տոկոսը: Այս իրավիճակում պետք էր ինչ-որ տեղեկատվություն, որ հայկական բանակի ուժն ու հզորությունը ադրբեջանական կողմը ի չիք է դարձրել: Ըստ էության՝ ուղղաթիռին հարվածելը լավ առիթ դարձավ դրա համար, որից հետո տպավորություն էր, թե իրենք էլ չեն կողմնորոշվել, թե իրավիճակը ինչպես պետք է լուսաբանել»:
Պարոն Միրաքյանը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները բնորոշեց որպես ապատեղեկատվություն: Նա հավելեց, որ տպավորություն ունի, թե ադրբեջանական լրատվամիջոցները Ադրբեջանին պատրաստում են հայկական նոր ցեղասպանության՝ ամեն կերպ արդարացնելով հայերի կոտորածը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»