Հոկտեմբերի 24-ին՝ եռյակի վերջին հանրահավաքից հետո տեղի ունեցած երթից ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանը ձերբակալվել է՝ ոստիկանին բռունցքով հարվածելու մեղադրանքով: Նա մինչեւ օրս կալանքի տակ է գտնվում:
«Եռյակի երթի ժամանակ հրմշտոց է եղել, պրովոկացիոն բնույթի գործողություններ են եղել, կարմիր վերնաշապիկով մի տղամարդ հրմշտել է, բռունցքով, քացով հարվածել երթի մասնակիցներին: Մարտիրոսն էլ ասել է՝ հանգիստ, մի հրեք իրար: Մի կնոջ հրել, գցել են: Մարտիրոսը փորձել է նրան բարձրացնել, այդ ընթացքում իրեն հետեւից կոպտորեն ասել են ՝առաջ գնա: Ինքն էլ ասել է՝ մորս տարիքի կին է, չբարձրացնե՞մ: Այդ պահին ոստիկանները ոլորել են նրա ձեռքերը, նրան նույնիսկ թվացել է՝ ընկեր տղաներ են, կատակ են անում: Ձեռքերս ինչո՞ւ եք ոլորում, հարցրել է ոստիկաններին: Նրանցից մեկն ասել է՝ բռունցքով խփեցիք աչքիս: Մարտիրոսն էլ զարմացել է ՝այ տղա, քեզ չեմ էլ տեսել, աչքիդ ոնց խփեցի: Ազատամարտիկ տղաներից մեկն էլ՝ Մաղթոն, միջամտել է, թե էս ինչ եք անում: Ինչու եք թեւերը բռնել, ոստիկանները նրան թողել են: Երթը շարունակվել է մինչեւ Նալբանդյան փողոց ու հենց այդ հատվածում էլ ոստիկանները մտել են Մարտիրոսի թեւն ու տարել բաժին»,- Aravot.am-ին պատմեց Մարտիրոս Աճեմյանի բարեկամուհի Աննա Արզումանյանը:
Քրեական գործ է հարուցվել, թեեւ Աննա Արզումանյանի խոսքով, դատաբժշկական եզրակացությամբ, մարմնական վնասվածքին բնորոշ օբյեկտիվ հատկանիշ չի հայտնաբերվել: Ըստ նրա, ոստիկանն էլ հարցաքննության ժամանակ պատմել է, որ իր դեմքին խփող քաղաքացին իրեն չի հայհոյել, միայն ասել է՝ արա քեզ չեմ խփել.«Եթե դատաբժշկական եզրակացությունը ասում է վնասվածք չկա, ոստիկանն ասում է՝ ինձ չեն հայհոյել, ինչի հիման վրա են էս մարդուն կալանավորել: Կալանքը հիմնավորեցին, որ դեպքն արձանագրած տեսանյութում չկա ծեծ ու ջարդ, միգուցե մոնտաժված է: Ո՞վ է մոնտաժել, իսկ միգուցե կարմիր վերնաշապիկով անձը իրենցից է եղել. հիմա տեսագրությունը հետազոտվում է»:
Ազատամարտիկը ձերբակալման օրից մի քանի օր առաջ էր Հայաստան վերադարձել Գերմանիայից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ