Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կալանավորված ու այժմ Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կամազ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է հոգեկան ծանր, շոկային վիճակում: Նա անընդհատ ասում է՝ «Երանի բոլոր կենդանի մնային, ես մեռնեի»:
Լիանա Բալյանը թեև միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նա նաև տեղեկացրեց, որ բացարկ է հայտնել քննիչին, միջնորդություն է ներկայացրել Մանվել Վարդանյանի տված նախկին ցուցմունքները ոչ վերաբերելի, չեղյալ ճանաչելու մասին, քանի որ պաշտպանի հավաստմամբ, նոյեմբերի 10-ին մինչև գիշերը ժամը 12-ը Մանվել Վարդանյանին՝ գլուխը վնասված, ծանր, շոկային վիճակով հարցաքննել են: Ժամը 12-ից հետո, երբ նա շատ է վատացել, նոր միայն շտապօգնություն են կանչել ու չեն թույլատրել տնեցիների հետ հեռախոսով կապվել ու ճշտել պաշտպան վերցնելու հարցը:
Ըստ Լիանա Բալյանի, Մանվել Վարդանյանին երկու անգամ հարցաքննել են առանց պաշտպանի: Ավելին, նոյեմբերի 12-ին, երբ լույս չի եղել, նրան բջջային հեռախոսի լույսի ներքո ստորագրել են տվել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները: «Մանվել Վարդանյանն ասում էր՝ չգիտեմ դրանք որոշումներ էին, թե ինչ փաստաթղթեր էին, բոլորը ինչ տվել են, ստորագրել եմ: Մանվել Վարդանյանը բնական է էնպիսի շոկային վիճակում է, որ իրեն չի էլ հետաքրքրել ինչ տակ է ստորագրել», -փոխանցեց պաշտպանը:
Լիանա Բալյանը Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 18-ին իր պաշտպանյալի հետ առանձնատեսակցության ժամանակ հայտնի է դարձել, որ Արթիկ քրեակատարողականում նրան հոգեբան են տրամադրել: «Նա շատ հուսահատված է, շատ տխուր, դարձյալ շոկային վիճակում է: Ինձ՝ որպես պաշտպանի, առաջին հերթին հետաքրքրում է իմ պաշտպանյալի հոգեվիճակն ու առողջական վիճակը», ասաց նա: Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել առ այն, որ իրեն ծանոթացնեն փորձաքննությունների եզրակացություններին ու բջջային հեռախոսի լույսի տակ Մանվել Վարդանյանի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերին:
Կարդացեք նաև
Լիանա Բալյանը նաև փոխանցեց, որ իր պաշտպանյալի՝ կալանքի տակ գտնվելը չեն բողոքարկելու՝ ելնելով նրա անվտանգությունից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Կամազի» վարորդն էլ, այնուամենայնիվ, մի լավ վիճակում չէ: