Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում

Նոյեմբեր 20,2014 20:14

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

IMG_3016

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Զորավարի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան հյուրեր, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Զորավար Սեպուհի հարազատները:

Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում ներկայացվեց զորավարի կյանքն ու անցած հերոսական ուղի: Ընդգծվեց, որ Էրզրումի նահանգի Բաբերդի գավառակում ծնված Արշակ Ներսիսյանը դեռ պատանեկության տարիներից է նվիրվել հայդուկային շարժմանը, ունեցել է բազում հաղթանակներ և նրա վերջին երազանքն է եղել այն, որ իր աճյունն ամփոփվի հայրենի հողում

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ Զորավար Սեպուհը ռազմական թատերաբեմում մշտապես հանդես է եկել հենց այն ժամանակ, երբ զգացվել է նրա կարիքը, հայտնվել մեր հերոսական հաղթական ճանապարհի այն կետերում, որտեղ վտանգ է սպառնացել հայոց լինելիությանը:

Արշակ Ներսիսյանի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կազմակերպվել էր մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ:

Զորավար Սեպուհը ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ գավառի գյուղերից մեկում։ Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Եղել է Հնչակյան, հետագայում Դաշնակցություն կուսակցությունների անդամ: Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը, Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի Խոյի և Դիլմանի ճակատամարտերին, Սարդարապատի հերոսամարտին և Բաքվի հայոց ինքնապաշտպանությանը: Անգամ կյանքի-մահվան կռիվների ընթացքում նա սրտացավորեն  մտահոգվել է հայապահպանության մասին, 1916թ. Երզնկայում Սեբաստացի Մուրադի հետ ստեղծելով «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, որի արդյունքում փրկվել են Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձածն հարյուրավոր որբեր: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և վախճանվել է 1940 թ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930