ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամփոփել են Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակության այցին, նշել է, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք է բերվել միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով միմյանց սատարելու պայմանավորվածություն: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կիպրոսի պատվիրակության անդամ Վարդգես Մահտեսյանի նախաձեռնությունը, որով նախատեսվում է 2015 թվականին թողարկել Հայոց ցեղասպանության թեմայով հայ-կիպրական դրոշմանիշ՝ Մելքոնյան կրթական հաստատության պատկերով:
Կարեւորելով ՀՀ կատարած այցը՝ Յանակիս Օմիրուն նշել է, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդները միմյանց հետ կապված են անքակտելի կապերով եւ միասին անցել են շատ փորձությունների միջով: Խոսելով Կիպրոսում տիրող իրավիճակի եւ Թուրքիայի վարած քաղաքականության մասին՝ նա նշել է, որ Կիպրոսը դադարեցրել է բանակցությունները:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքի ազգանպաստ գործունեությանը եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպմանը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին՝ Յանակիս Օմիրուն հույս է հայտնել, որ այս այցը դրական դերակատարություն կունենա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման գործում:
Այնուհետեւ Գալուստ Սահակյանը եւ Յանակիս Օմիրուն պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ Ազգային ժողով