Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց կալանավորված երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավարությունը, որոնք մեղադրվում են Քարվաճառի (Քելբաջար) 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար:
Նոյեմբերի 19-ի նիստում դատարանը, որպես ապացույց, շարունակեց ուսումնասիրել ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի նկարահանած տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են ուղեկցում 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Ըստ ամբաստանյալի, իրենք դիմել էին պատանուն, որպեսզի վերջինս ցույց տա Քարվաճառ տանող ճանապարհը։
Տեսանյութում Դիլհամ Ասկերովը ադրբեջաներեն մեկնաբանում է իր նկարածը. – «Մենք Ջոմարդ գյուղի տարածքում ենք, այստեղ բռնել ենք մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է, ադրբեջաներեն ոչինչ չի հասկանում։ Մենք նրան ոչ մի կերպ չենք կարող բաց թողնել, քանի որ կարող է մատնել մեզ։ Գնանք, տեսնենք ինչ կլինի»։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու հարցը։ Սպանված պատանու հայրը՝ Մեխակ Ցականյանը կտրականապես դեմ է այդ փոխանակմանը։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ևս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։
Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում