Ոստիկանությունում ծառայության պետք է անցնեն 18 տարին լրացած անձինք, մինչեւ 35 տարեկան եւ դրանից բարձր անձինք՝ որոշ ծառայությունների գծով: Տարիքային սահմանափակման այս փոփոխությունները նախատեսվում է իրականացնել «Ոստիկանության ծառայության մասին», «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք հաստատելու մասին/., «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով: Այն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ներկայացրեց կառավարությունը:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախագծի արդյունքում կընդլայնվեն մարդկային ռեսուրսների կառավարման հնարավորությունները, կբարելավվեն ծառայության պայմանները. «Կարող եմ հավաստիացնել, որ այս փոփոխություններին սպասում են մեծ թվով ծառայողներ: Նախատեսվում է սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիքային շեմը, այն է՝ 18 տարին: Ներկայումս ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված է միայն առավելագույն տարիքը՝ 30-ը: Ներկայումս որոշ մասնագիտությունների, օրինակ՝ փորձագետներ, կապի, տեղեկատվական ոլորտի մասնագետներ եւ այլն, պաշտոնների համալրման խնդիր է առաջանում՝ հաշվի առնելով, որ ոստիկանությունում ծառայության կարող են անցնել միայն մինչեւ 30 տարեկան անձինք: Նախագծով նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային սահմանափակումը բարձրացնելու լիազորություն տալ կառավարությանը»:
Բացի այդ, առանց ծառայողի համաձայնության, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, է կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին հնարավոր կլինի զբաղեցրած պաշտոնին համարժեք տալ առաջխաղացման հնարավորություն՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն 6 ամիս ծառայելուց հետո: Գործող օրենքով այդ ժամկետը 1 տարի էր: Նախագծի համաձայն, տվյալ դեպքում ծառայողը կարող է տեղափոխվել այլ պաշտոնի՝ անկախ նախկին պաշտոնում աշխատելու ժամանակահատվածից:
Ըստ Վարդան Եղիազարյանի, կադրային տեղաշարժերը կրտսեր խմբում ավելի հաճախ են կատարվում, ինչը պայմանավորված է ծառայողին իրենց բնակության վայրում ծառայության նշանակելու անհրաժեշտությամբ: Հետեւաբար, նպատակահարմար է ոստիկանին այլ պաշտոնի տեղափոխելիս ժամկետային սահմանափակում չկիրառել»:
Կարդացեք նաև
Կառավարությունն առաջարկում է հանել ոստիկանին անձնական համար տալու պահանջը՝ հիմնավորելով, որ ոստիկաններին նախկինում տրվում էին անձնական համարներով ժետոններ, որոնք նախատեսվում էին դժբախտ պատահարների դեպքում ծառայողներին նույնականացնելու համար: Սակայն օրենքի ընդունումից մինչ օրս դրանք չեն կիրառվել, եւ դրա անհրաժեշտությունը, ըստ էության, չկա: Բացի այդ, անձնական համարը նշվում է նաեւ ծառայողի անձնական գործում, եւ այն կիրառություն չունի, ինչպես նաեւ չի առնչվում հասարակական կարգի պաշտպանությանը ներգրաված ոստիկանի համազգեստին փակցվող տարբերանշաններին:
Մյուս փոփոխությունը, որ նախատեսում է կառավարությունը, այն է, որ այսուհետեւ ոստիկանությունը լիազորություն ունենա աշխատանքից ազատել այն ոստիկաններին, որոնք դիտավորյալ հանցագործության հատկանիշներով արարք են կատարել, բայց նրանց նկատմամբ քրգործի վարույթը կարճվել է կամ քրգործի հարուցումը մերժվել է՝ ոչ արդարացման հիմքերով: Սա պայմանավորված է նրանց կողմից կատարված արարքի բնույթով:
Վարդան Եղիազարյանն ասաց, որ այս փոփոխությամբ նպատակ ունեն ոստիկանությունում թողնել առավելագույնս անբասիր վարք ունեցող ծառայողներ:
Նախագծով նաեւ առաջարկվում է, որ ոստիկանության ծառայողները ոստիկանության ուսումնական հաստատություններում ոստիկանության բակալավրի մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանության սպա մասնագիտական որակավորում ստանալուց հետո ծառայության առնվազն 2 տարվա ստաժ ունենալու դեպքում՝ գործող 1 տարվա փոխարեն: Ոստիկանության կրթահամալիրի քոլեջում ուսումնառության ժամկետը 2 տարի է, եւ ըստ կառավարության, նպատակահարմար է, որ ոստիկանության ծառայողները բավարար ստաժ ստանալուց հետո միայն կարողանան շարունակել ուսումնառությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ