Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարսի ճանապարհը բաց պահելով աղքատություն չես հաղթահարի

Նոյեմբեր 20,2014 17:53

Հայաստանում ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, որտեղ աղքատ է բնակչության 46 տոկոսը: Այս մասին է փաստում Ազգային վիճակագրական ծառայությունը` (ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» 2013թ. ամենամյա զեկույցում: ԱՎԾ-ն նաեւ ներկայացրել է աղքատության ցուցանիշն ամբողջ երկրի համար, համաձայն որի, 2013թ.-ին աղքատությունը կազմել է 32 % , նախորդ տարվա 32,4 %-ի փոխարեն:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, սակայն, գտնում է, որ ԱՎԾ-ի մատնանշած 0,4 %-ը ոչ թե կրճատվել է, այլ այդ աղքատ քաղաքացիները արտագաղթել են: «Շիրակի մարզը ոնց աղքատ կար, այնպես էլ մնում է»,-ասում է պարոն Բարսեղյանը:

Մեր այն հարցին, ԱՎԾ մասնագետները փաստում են, որ մեր երկրում աղքատության մակարդակի բարձրացման համար զսպող հանգամանք են սոցիալական տրանսֆերտները, հակառակ դեպքում այն ավելի բարձր կլիներ, եւ հաշվի առնելով, որ «խոպանչիներն» ամենաշատը Շիրակի մարզից են մեկնում արտագնա աշխատանքի, ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավո՞ր է մեղմի մարզում սոցիալական վիճակը, պարոն Բարսեղյանն ասաց. «Եվրասիական տնտեսական միություն մտնելը որեւէ կերպ չի նպաստելու բարեկեցության աճին, նրանք որոնք արտերկրում աշխատանք են գտնում, ժամանակի հետ հարմարվում են, եւ, նույնիսկ, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ընտանիքներին են տանում են եւ այստեղ աղքատության մակարդակի վրա չափելի ազդեցություն դա չի ունենում: Այն տարիներին, ինչ Սերժ Սարգսյանի ռեժիմը փոխարինել է Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, աղքատությունը 25 տոկոսից դարձել է 33-32 %-ի»:
Լեւոն Բարսեղյանի խոսքերով, եթե Ազգային ժողովը վավերացնի ԵՏՄ-ին միանալու «խայտառակ պայմանագիրը», ապա կանխատեսվում է, որ մի շարք ապրանքատեսակներ թանկանալու են. «Թանկացումները չեն կարող նպաստել աղքատության հաղթահարմանը: Եվ եթե ասում են մեր քաղաքացիների վիճակը ԵՏՄ-ին միանալով բարելավվելու է, ապա ֆիննախը կամ այլ պետական կառույցներ պարտավոր են հաշվարկներ, կանխատեսումներ ներկայացնել, թե քանի տոկոսով է հաղթահարվելու աղքատությունը, բայց այդպիսի կանխատեսում չկա:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում հավաքվող մաքսատուրքերից հավաքագրված գումարներին, որոնց որոշակի տոկոսը ուղղվելու է մեր երկրի բյուջե, ապա պարոն Բարսեղյանը գտնում է, որ դրանց վերաբերյալ էլ պետք է լինեն հստակ հաշվարկներ, եւ թե այդ գումարները որքանով են նպաստելու մեր բարեկեցությանը:

Լեւոն Բարսեղյանը հիշեցնելով 2006-ին վավերացրած «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» 5 տարվա ծրագիրը, որով 235 միլիոն դոլարի դրամաշնորհ էր տրվել մեր երկրին` գյուղական ճանապարհների, ոռոգման ցանցի զարգացման համար, ասաց.  «Այդ ծրագրի գերագույն նպատակն այն էր, որ գյուղական աղքատությունը 6 %-ով պետք է նվազեցվեր: Մարտի 1-ի պատճառով $60 միլիոնը կրճատվեց, բայց մնացած մասը ծախսվեց: Անցել է 3 տարի եւ դրա արդյունավետությունը գնահատելու ժամանակն է, բայց իշխանությունը մինչեւ հիմա չի ներկայացնում, թե վերջիվերջո, գյուղական աղքատությունը քանի՞ տոկոսով կրճատվեց այդ ծրագրի շնորհիվ: Թե մի քանի ջրագիծ քաշեցին, մի քանի ճանապարհ սարքեցին,միլիոնավոր դոլարներով էլ մի քանի սեմինարներ արեցին գյուղացիների համար ֆերմերության մասին ու վերջ: Բայց դա չէր չէ՞ նպատակը, նպատակը գյուղական աղքատության նվազեցումն էր»:

Պարոն Բարսեղյանի հաշվարկներով, Սերժ Սարգսյանի թիմը, «տարեկան, Հայաստանին բերում է 1,3-1,4 տոկոս արտագաղթ, 6 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է 8 տոկոսանոց բնակչության նվազում»:

«Թվում է, թե Լարսի լեռնանցքը բաց պահելն է Հայաստանի իշխանությունների գերագույն նպատակը, դե մենք հասկանում ենք, որ ծիրանն ու պոմիդորը պետք է անվնաս տեղ հասցնել Մոսկվա, որպեսզի օլիգարխիկ մասը լավ ապրի, բայց դա չի նշանակում տնտեսություն զարգացնել, աղքատություն նվազեցնել: Դրան գումարած մենաշնորհները, իրենց անձնական շահը եւ այն»,-մեզ հետ զրույցում նկատում է Լեւոն Բարսեղյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930