Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց համակարգչային լսարան

Նոյեմբեր 20,2014 17:44

Նոյեմբերի 20-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։

Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից զորամասերում և զինվորական կրթական հաստատություններում բացված  8-րդ համակարգչային լսարանն է։ Բացման պատիվը վերապահված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

Ռազմական ինստիտուտում համակարգչային լսարանի բացումը կատարվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Ուսանողության միջազգային տոների առթիվ երիտասարդական հիմնադրամը նվեր է պատրաստել նաև ռազմական կրթություն ստացող ուսանողների համար։ «Սա մեր փոքրիկ պարտքն է ՀՀ զինված ուժերին։ Իր հնարավորությունների սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ տարբեր ծրագրեր է իրականացրել հայոց բանակում։ Երիտասարդական հիմնադրամը շարունակելու է զինվորական ուսումնական հաստատություններում և զորամասերում նման լսարանների հիմնումը»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ նորաբաց լսարանն ինստիտուտի սաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Առաջիկայում լսարանը կհարստացվի նաև էլեկտրոնային գրադարանով։

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ ինստիտուտում համակարգչային լսարան բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, և հիմնադրամի խոստումը չուշացավ։ Ինստիտուտի պետի տեղակալը տեղեկացրեց, որ կուրսանտներին սովորեցնում են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների տարրերը, տարբեր ծրագրեր, ծրագրավորում, ցանցային աշխատանքի կազմակերպում։ «Նպատակ ունենք շուտով զորամասերում ծառայող սպաների համար կազմակերպել նաև հեռահար կրթություն, որպեսզի առանց զորամասերից կտրվելու տեղում կարողանան պատրաստվել հետագա լրացուցիչ ուսուցման համար»,- նշեց գնդապետ Մելքոնյանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930