Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության պարտականությունը պետք է լինի օրենսդրական դաշտի բարելավումը, ոչ թե միջոցառումներ կազմակերպելը

Նոյեմբեր 20,2014 17:50

Այս կարծիքին է հրապարակախոս Կարինե Հակոբյանը

Մոտ տասը տարի, ՀՀ ԱԺ-ում ներկայացված է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, սակայն անհասկանալի պատճառներով, այն դեռ «քնած» է համապատասխան մարմնում, ու կարծես ոչ մեկին չի էլ հետաքրքրում, իսկ դրա վառ ապացույցը՝ 2 ամիս առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվելուց հետո, օրենքի այս նախագծի ստացած ընդամենը 2 «կողմ» ձայնն է:

Օրենքի նախագծի մասին «թատրոնի մարդկանց» մի մասը տեղյակ էլ չէ, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ կամ նախագիծն է թերի, կամ թատրոնի մասին օրենք չեն ուզում ունենալ, շատերին ձեռնտու է շարունակել առաջնորդվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով:

Քանի որ չունենք թատրոնի մասին օրենք ու առաջնորդվում ենք վերոնշյալով, հաճախ, ինչպես օրերս հայտարարեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, նրբերշիկի արտադրությունն ու ներկայացման արտադրությունը նույն կաթսայի մեջ ենք մտցնում, սահմանափակումներ դնում, հաշվի չառնելով, որ դրանք տարբե՛ր օրենսդրական դաշտ են պահանջում:
«Առավոտի» հետ զրույցում «Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը պատասխանելով հարցին, եթե չի եղել օրենքը, չեն խոսել այդ մասին, նշանակում է՝ պետք չի՞ եղել մեզ թատրոնի մասին օրենքը, ու այսօր էլ դրա անհրաժեշտությունը չկա, ասաց. «Լրիվ հակառակը: Այդ օրենքի անհրաժեշտությունը շատ կա, բայց խնդիրներին լուծում տալ չեն ուզում: Դա ընդհանուր միտում է եւ բոլոր բնագավառներին է վերաբերում:

Օրենքներով եւ օրենքները կարտարելագործելով թերությունները շտկվում են, բայց դա չի արվում, եւ ես կարծում եմ, որ մշակույթի նախարարության առաջին պարտականությունը պետք է լինի օրենսդրական դաշտի բարելավումը եւ ոչ թե միջոցառումներ կազմակերպելը»: Կարինե Հակոբյանը նաեւ գտնում է, որ մշակույթի նախարարությունն այս առումով մեծ անելիք ունի, ըստ նրա՝ թատրոնի մասին օրենքով զբաղվելը նախարարության առաջին պարտականությունն է՝ գործառույթը: Դիտարկմանը՝ թատրոնի մասին օրենքն արդյոք սահմանափակումներ չի՞ դնի թատրոնի ստեղծագործական աշխատանքներում, Կարինե Հակոբյանը հետեւյալն ասաց. «Ես շատ վաղուց եմ այդ օրենքի նախագիծը կարդացել, հիմա չեմ էլ հիշում, բայց եթե նույնիսկ այդ օրենքում կան թերություններ, չպետք է այն դնել դարակի մեջ ու փակել, այլ պետք է քննարկել, բարելավել ու ի վերջո՝ կյանքի կոչել»:

Հաջորդ հարցին էլ՝ արդյոք թատրոնի մարդիկ, ղեկավարները չպե՞տք է բարձրաձայնեն այդ մասին, որ օրենքը օր առաջ լինի, Կարինե Հակոբյանը պատասխանեց. «Այո, ամբողջ հարցն այդ է, որ օրենքի հետեւում պետք է կանգնած լինեն շահառուները, տվյալ դեպքում դա թատրոնն է ու թատերական գործիչները, նախ իրե՛նք պետք է շահագրգիռ լինեն, որ օրենքը կյանքի կոչվի»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930