Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ-ի ուզածն է այստեղ իրավիճակը լարել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2014 17:02

«Պետք է մեր մեղքերն էլ արձանագրել, կարծում եմ անփույթ գործելակերպի արդյունքն է, չի կարելի բաժանման գծին շատ մոտ հնարավորություն տալ թշնամուն խոցել ուղղաթիռը, այստեղ նաեւ մեր պաշտպանության մեղքը կա»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ խոցված հայկական ուղղաթիռի դեպքին:

Պարոն Գիմիշյանի խոսքերով` եթե ամեն օր շփման գծում դիպուկահարները կրակում են, ապա պետք էր մտածել, որ նաեւ ուղղաթիռը կխոցեին. «Այն, ինչ արեց Ադրբեջանը, լուրջ սադրանք է, կարծում եմ մեր զինված ուժերը պետք է այնպիսի պահ հարմարեցնեն, որ լուրջ պատասխան տան, որպեսզի Ադրբեջանը հասկանա`ամեն մի այդպիսի քայլի դիմելիս, հետո ինքը ավելի ծանր հետեւանքներ կունենա»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, պարոն Գիմիշյանն ասաց, որ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքերից նկատվում է, որ նա պաշտպանում է Ադրբեջանին, մեղադրելով` Հայաստանին. սա խոսում է այն մասին, որ այդ կառույցների համար ինչ-որ առումով ցանկալի էր ուղղաթիռի խոցումը. «Ես կուզենայի նման միջադեպերից հետո Հայաստանն ավելի լուրջ քայլերի գնար, որ Ղարաբաղի կարգավիճակն ավելի բարձրացներ, ասենք` Երեւան-Ստեփանակերտ թռիչք կազմակերպվեր, իհարկե, անվտանգությունն ապահովելով, ռազմական միջոցներ կուտակեր շփման գծում»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Գիմիշյանի դիտարկմամբ` նման միջադեպերը պատահական չեն լինում, բանախոսը հիշեցրեց, որ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ էլ լուրջ լարվածություն կար, այն մեղմացավ մինչեւ փարիզյան հանդիպումը. «Այս միջադեպն էլ զուգադիպություն չէ, տարբեր շահերից ելնելով արտաքին ուժեր, որ կցանկանան այստեղ ապակայունացնել իրավիճակը, սա միանշանակ է, եւ այս աշխարհում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական պայքարի պարագայում պետք է ուշադիր լինենք, որ չենթարկվենք այդպիսի նախաձեռնությունների, որ երկիրը չապակայունացվի»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ Գիմիշյանի մտքերի հետ համաձայն է, եւ իր համար շատ տարօրինակ է, թե ինչպես են օլիմպիական սառնասրտությամբ հետեւում, թե ով` ինչ կասի: Պարոն Մակեյանի խոսքերով`«Աստված չանի, որ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար են անում, որ Հարավային Կովկասում նորից վերսկսեն լայնամասշտաբ պատերազմ: Մենք միշտ մրցակցել ենք Ադրբեջանի հետ, որ իրենց մոտ վիճակն ավելի վատ է, քան մեզ մոտ, եւ պատահական չէ, նրանց մոտ այնպիսի հռետորություն է, որ Հայաստանն այսօր էն վիճակում չէ, այո, Հայաստանի վիճակը բարվոք չէ, բայց Հայաստանը կարող է Ադրբեջանին լուրջ հակահարված տալ: Ես համամիտ եմ Գրիգորյան Մանվելի հետ, այդ դեպքում 1994-ին, երբ Միրբաշիրը մինչեւ Կիրովաբադը լրիվ դատարկ էր, կարող էինք ազատ գնալ, միջազգային ուժերի ազդեցությամբ չգնացինք, հիմա կարող ենք գնալ: Ցավոք, մենք հասել ենք մի վիճակի` մարդկային, նյութական ռեսուրսների, կառավարման համակարգի, որ զուտ զինվորականը, բանակը չի կարող իրականացնել այս բոլոր ծրագրերը»:

Մանրամասն` տեսանյութում

Սոս Գիմիշյանի խոսքերով էլ` միայն Ադրբեջանի որոշումը կամ միայն Ադրբեջանի իշխանության ցանկությունը բավարար չեն նման բան անելուն. «Ես համոզված եմ, որ այն մոտեցումը` առիթ հենց պատահի, հարվածեմ, դա համաձայնեցված դիրքորոշում է, կարծում եմ դա արտաքին բազմաթիվ լուրջ ուժերի կողմից խրախուսվող է: Սա ԵԱՀԿ-ի ուզածն է, ուժային կենտրոնի ցանկությունն է այստեղ լարել իրավիճակը, իրենց դիրքորոշումից էս ա բխում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930