ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին
Արտակ Զաքարյանի նախագահությամբ շարունակել է նախորդ օրը գումարած հերթական
նիստի աշխատանքը:
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ թեպետ հանձնաժողովը դրական վերաբերմունք ունի օրինագծի վերաբերյալ, այնուամենայնիվ հեղինակը որոշել է օրինագիծը հանել
շրջանառությունից:
Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Քննարկումների ընթացքում հեղինակն առաջարկել է հանձնաժողովին վերոնշյալ օրինագիծը դիտարկել եւ քննարկել որպես ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ՝ որոշ խմբագրումներով: Հանձնաժողովի անդամները, ընդհանուր առմամբ դեմ չլինելով նախաձեռնության գաղափարին, միաձայն առաջարկել են հեղինակին համատեղ աշխատել եւ փոփոխել նախագծում առկա որոշ ձեւակերպումներ:
Քննարկումից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում հեղինակի
նախաձեռնությունը չի ստացել դրական եզրակացություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն