Նոյեմբերի 20-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի տասը ամիսներին Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու դրանց կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքները: Անցած տասը ամիսներին Երեւանում արձանագրվել է 1137 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է՝ 54, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել՝ 1502 մարդ: Նշված ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 29395 տրանսպորտային միջոց՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 3548-ով ավելի, հանգամանք, որն իր հերթին առաջացրել է երթեւեկության որոշակի ծանրաբեռնվածություն, արդյունքում՝ նաեւ պատահարների աճ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում սահմանված արագությունը գերազանցելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետեւանքով: Ինչպես նշեց Արսեն Արշակյանը, ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքի երթեւեկին առնչվող խնդիրները՝ իրականացնելով մի շարք համալիր միջոցառումներ: Անցած տասը ամիսներին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կազմվել է 86554 արձանագրություն: 3468 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել է 30 հատուկ միջոցառում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող 485 վարորդ, համապատասխան փաստաթղթեր եւ կատեգորիա չունեցող կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող 315 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Արսեն Արշակյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
ՀՀ ոստիկանություն