Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ դասագիրք ապագա թուրքագետների համար

Նոյեմբեր 20,2014 16:40

Առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեց Հայաստանում հեղինակված Թուրքիայի Հանրապետության պատմության դասագիրքը՝ նախատեսված բուհերի համար:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության ջանքերով հրատարակված «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» բուհական դասագրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այսօր բուհերում դասագրքերի պակաս շատ կա, ուստի դժվար է գերագնահատել այս աշխատության կարևորությունը, մանավանդ, որ այն գրված է հայերենով: «Ուրախ եմ, որ Մայր բուհը կրկին մեծ ներդրում կատարեց կրթության ոլորտի զարգացման ու բարելավման գործում: Մի շարք կարևոր արժանիքների մասին պետք է խոսեմ. նախ դասագիրքը հայերեն է, այն մեր ոխերիմ թշնամի Թուրքիայի այլամերժ քաղաքականությունն է ներկայացնում, և վերջապես՝ այս աշխատությունը լայն համագործակցության արդյունք է: Շնորհակալ ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որ արագ ընկալելով գրքի նշանակությունն ու կարևորությունը՝ նրան շնորհեց դասագրքի ստատուս»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ կոնֆլիկտային տարածաշրջաններում հարևան պետությունների մշակութապատմաբանական հետազոտությունները դառնում են արտաքին քաղաքականության կարևոր մաս, ուստի հայ մասնագետների կողմից հրատարակված աշխատությունը միայն հպարտություն է ներշնչում:

Գրքի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, բան. գիտ. դոցենտ Ռուբեն Մելքոնյանը, պատմ. գիտ. դոցենտ Արթուր Դումանյանը, պատմ. գիտ. թեկնածուներ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Հակոբ Չարյանը, ինչպես նաև Անուշ Հովհաննիսյանը:

Նշենք, որ բուհական դասագրքում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության և ձևավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հալածանքների և ճնշումների քաղաքականության հիմնական փուլերն ու հետևանքները:

«Անկախ Հայաստանը պետք է ունենա իր ուրույն դասագրքաստեղծ քաղաքականությունը, որի առանցքում պետք է լինեն ազգայինը, արդիականությունն ու օբյեկտիվությունը: Դա ավելի է կարևորվում, երբ հարցը վերաբերում է պատմության և երիտասարդ սերնդին պատմական օբյեկտիվ իրականության դասավանդման հիմնահարցերին»,- իր ելույթում նշեց գրքի համահեղինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի հրատարակման դժվար գործում և հավելեց, որ արդեն իսկ Սանկտ Պետերբուրգից առաջարկ է ստացել դասագիրքը թարգմանել և հրատարակել ռուսերենով:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ գրքի հեղինակներին առաջարկեց աշխատությունը թարգմանել նաև թուրքերենով և համացանցի միջոցով այն հասանելի դարձնել թուրքալեզու հանրությանը:

Շնորհանդեսի ավարտին նախարարը դասագրքի 10 օրինակ հանձնեց Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի այն ուսանողներին, ովքեր արդեն փետրվարից թուրքագիտությունը կուսումնասիրեն որպես առարկա:

Հավելենք, որ «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի մեկենասությամբ հրատարակված աշխատությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և զոհերի անմար հիշատակին:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930