Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացում՝ կառավարությունում. կրճատում են տեսչությունները

Նոյեմբեր 20,2014 15:26

Կառավարությունը տեսչական բարեփոխումներ է ուզում իրականացնել եւ ԱԺ-ի հաստատմանն է բերել մի օրինագիծ՝ «Տեսչական մարմինների մասին»: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ տարբեր երկրների փորձն են ուսումնասիրել՝ եւ զարգացած երկրների, ե՛ւ զարգացող: Նիդերլանդներում 26 պետական տեսչություն, օրինակ, միավորվել է եւ ձեւավորվել 12 տեսչություն: Նախատեսվում է, որ մինչեւ 2015-ը ՀՀ-ում բոլոր տեսչական մարմինների քանակը չի գերազանցելու 10-ը, քանի որ նախատեսում են օպտիմալացման ծրագիր իրականացնել: Ներկայումս գործում է 18 տեսչություն: Ըստ կառավարության, տեսչական ստուգումները շատ են, ինֆորմացիայի փոխանակման ցածր մակարդակ կա, ուստի այս բարեփոխման ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել: Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց նաեւ տեսուչների ցածր մասնագիտական պատրաստվածությունը, որը խոչընդոտում է համակարգի կայացմանը:

Որպեսզի տեսչական մարմինների համար օպտիմալացումը ցավոտ չլինի, կառավարությունը մտադիր է այն իրականացնել փուլային տարբերակով. «Սկսվելու է նոր տեսչությունների կազմավորման գործընթացը՝ իրենց նոր տեսուչներով, հետո իրականացվելու է քարտեզագրում՝ թույլտվությունների եւ լիցենզիաների պատկանելության՝ ըստ գերատեսչությունների, եւ այդ քարտեզագրման արդյունքում հասնելու ենք նրան, որ շահերի բախումն իսպառ վերացվի այս համակարգերում»:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ սկզբում մտածում էին բոլոր տեսչությունները հանել նախարարություններից եւ ենթարկել կառավարությանը, սակայն դա այնքան էլ ընդունելի չեղավ, քանի որ շահերի բախում էր լինում:

Նոր տեսչական մարմիններն ունենալու են կառավարման խորհուրդներ՝ առնվազն 9 անդամից բաղկացած, որոնք պիտի ներկայացնեն նախարարությունները, ինչպես նաեւ գիտական մարմնի 2 անկախ ներկայացուցիչ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ արդեն 2 տարի է՝ տեսչական բարեփոխումներ են իրականացվում, սա այդ բարեփոխումների տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՞ վեկտորը էապես փոխվում է, նոր ռազմավարություն եք մշակել: Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, հայեցակարգային ռազմավարության իմաստով մի քիչ փոփոխություն եղել է. «Օրինակ, մոտեցումը սա էր, որ եթե բնապահպանության նախարարությունը տալիս է բնօգտագործման թույլտվություն, այն պետք է տեսչական ստուգումների լիազորություն չունենա: Սրանից ենթադրվում էր, որ բոլոր տեսչությունները պետք է նախարարություններից դուրս գային, գնային կառավարություն: Իսկ մեր նպատակն առավել արդյունավետ կառավարումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930