Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Վաղուց արդեն ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական վերաբերմունք ունենա»

Նոյեմբեր 20,2014 14:54

«Մեր կողմից արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացրած կողմ: Այս դեպքն իր մեջ պարունակում է շատ կոշտ և կոպիտ դիվերսիոն գործընթաց՝ ուղղված բանակցային խաղաղ գործընթացը խաթարելուն: Այսինքն՝ ադրբեջանական գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ, ոչ միայն Հայաստանի դեմ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը`փաստելով, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական դիրքորոշում արտահայտի, որպեսզի ադրբեջանական կողմի գործողությունները բանակցային գործընթացին քիչ վնաս հասցնեն:

Հայկական կողմի համոզմունքը, ըստ Արտակ Զաքարյանի, հաստատուն է` Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, չկա նաև այլընտրանք Մինսկի խմբի բանակցային գործընթացին, միաժամանակ նկատելով, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը փորձում է ձախողել բանակցային գործընթացը եւ դա բոլորը գիտեն: Նա անթույլատրելի է համարում նման գործելաոճը` նաեւ նման գործողությունները, ինչը չի կարող նպաստել հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչին ուղղված են նաև Մինսկի խմբի ջանքերը:

«Սրանք ցցուն գործընթացներ են, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից, ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այս գործընթացն Ադրբեջանին տանելու է՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվիճելի և բացարձակ հիմնավոր սկզբունքը: Դրանից ելնելով՝ Ադրբեջանը փորձելու է ձախողել գործընթացը: Բոլոր բանակցային գործընթացներում հայտարարում են, որ, այո, իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը և դրան այլընտրանք չեն տեսնում, բայց իրականում սահմանի վրա լարվածությունը մեծանում է Ադրբեջանի կողմից»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նա շատ ցավալի է, համարում, որ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի ջանքերը՝ ուղղված խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը ճշտելուն, նույնպես հաջողություն չեն ունենում: Սա էլ ՀՀԿ-ական պատգամավորը հիմնավոր պատճառ է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի նկատմամբ որոշակի դիրքորոշում հայտնի, քանզի այս ամենն արդեն նշանակում է խաղաղ բանակցային գործընթաց իրականացնող կողմի ջանքերի անտեսում:

Հարցին`արդյոք հայկական թույլ դիվանագիտությո՞ւնը չէ այս ամենի պատճառը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այստեղ թույլի և ուժեղի խնդիր չէ, գոյություն ունի հնարավորությունների և գործողությունների շրջանակներում տարվող աշխատանք, և մեր դիվանագիտությունն աշխատում է դրանց շրջանակներում: Հայկական կողմն ադեկվատ գնահատական տվել է տեղի ունեցածին, համապատասխան հայտարարություններ արել է, իսկ Մինսկի խմբի շրջանակներում, այո, ես համաձայն եմ, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական վերաբերմունք ունենա կողմերի նկատմամբ: Սա պետք է ազդանշան լինի Մինսկի խմբին, որ այսուհետ հայտարարությունները լինեն թիրախավորված, կոնկրետ Ադրբեջանին պետք է զսպել իր սադրիչ գործողություններում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930