Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Կարեն Բաբակեխյանի կնոջ ցուցմունքը «ցնցեց» դատավոր Պողոսյանին

Նոյեմբեր 20,2014 14:49

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը (լուսանկարում), նրա կինը՝ Դոնարա Նազարյանը, որդին՝ Ռուբենը՝ «Ֆինանսական բուրգի գործով»: Նրանք երեքն էլ ցուցմունք տվեցին դատարանում իրենց փաստաբան Լուսինե Օհանյանի ներկայությամբ:

Ցուցմունք տալուց հետո նախագահող Գագիկ Պողոսյանին հետաքրքրեց, թե արդյոք Բաբակեխյանը, նրա ընտանիքը որեւէ գույք խլե՞լ է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանից: «Եթե իմ ընտանիքը խլեր, ոստիկանության գնդապետ լինելով՝ հիմար չեմ, որ այն ձեւակերպեի կնոջս անունով»: Հետեւեց երկխոսությունը.

– Պաստմասսայե շշով խփե՞լ եք, հիշո՞ւմ եք:

– Ինչո՞ւ խփեի, ինչո՞ւ պլաստմասսայի շշով:

– Երեւի ատրճանակ չի եղել ձեռքի տակ…

– Ձեռքերս լավ ամուր են:

Խոսքը Բաղրամյան պողոտայում գտնվող, Արթուր Անդրեասյանին պատկանող տարածքի մասին է:

Բաբակեխյանի կինը՝ Դոնարա Նազարյանն ասաց, որ ընտանիքով եղել են մոտ հարաբերությունների մեջ, որ Արթուրի եղբոր՝ Վիլիկի հարսանիքի քավորն են եղել: «2012թ. նոյեմբերի վերջին որդիս ասաց՝ բան եմ առնում քո անունով, պիտի առնենք: Բաղրամյանի վրա տղաս բան առավ»,- ասաց Դոնարան:

Դատախազի հարցին, թե տեղյա՞կ է եղել ամուսնու, տղայի գործերից: Կինը պատասխանեց. «Ամուսինս այնքան քիչ է խոսում, նույնն էլ տղաս»: Ապա հայտնեց, որ ինչ ցուցմունք հատուկ քննչականում տվել է՝ ճիշտ է: Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց. «Ինչ-որ բանի մասին խոսում եք, ասես կոշիկի մասին է, արդյոք հավասարազոր արժեք ունեն ինչ-որ բանը տարածքի հետ»: Վկան ասաց, որ 5 թոռնիկ ունի, զբաղված է, ուշադիր չէ այդ ամենին, գիտի, որ որդին սխալ բան չի անի: Ապա արդարացավ, որ ինքը չի խորացել շատ հարցերի մեջ:

Դատավորը նաեւ նկատեց, որ այն տպավորությունն է, որ նախաքննության ժամանակ ցուցմունք չի տվել տիկինը, որովհետեւ ինչի մասին որ խոսում էր դատարանում, այնպես էր խոսում, կարծես ոչինչ չգիտի:

Մինչդեռ, երբ հրապարակվեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքը, պարզվեց, որ բավական իրազեկ է եղել որդու եւ ամուսնու գործունեությունից, մասնավորապես՝ որ ամուսինը մոտ է եղել ամբաստանյալի հոր՝ Վասիլի հետ, իսկ որդին էլ 170-180 հազար դոլար կանխիկ տվել է Արթուրին՝ դրա դիմաց վերցնելով բանկում գրավ դրված Արթուրի անշարժ գույքը, ապա այդ անշարժ գույքը իր անունով ձեւակերպելուց հետո, Ռուբենը գրավադրել է «Ամերիաբանկում»՝ որոշակի վարկի դիմաց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930