2015 թվականի հուլիսի 20-23-ը Բելգիայի Լիեժ քաղաքում կայանալու է ֆրանկոֆոնիայի երկրորդ համաշխարհային ֆորումը, որին Հայաստանը մասնակցում է 2012 թվականից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Հայաստանում ֆորումի հարցերով Բելգիայի հատուկ հանձնարարության դեսպան Ֆիլիպ Սուինեն։
«Եթե առաջին ֆորումը, որ կազմակերպվել էր Կանադայում 2012 թվականին եւ այնտեղ բոլոր թեմաների շուրջ քննարկումներ էին ընթանում՝ տնտեսությունից մինչեւ մշակույթ, ապա այս անգամ, միայն ստեղծագործականությունը ու նորամուծություններն են հաշվի առնվելու երիտասարդների կողմից։ Այս պարագայում ֆրանսերենը ոչ միայն լեզու է, ոչ միայն առաջացնում է սեր մարդկանց մեջ, այլեւ գործիք է, որով կարող ենք առաջընթաց ապրել»,- նշեց դեսպանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ իր դերն է ունեցել ֆրանկոֆոնիայի մեջ, սակայն եթե առաջ Հայաստանը ուղղակի կից անդամ էր, ապա հիմա դարձել է հիմնական անդամ։
Դեսպանը ներկայացրեց, որ ծրագիրը հիմնականում առավելություններ է տալիս 18-35 տարեկան երիտասարդներին։ Այս տարի 400 հոգի կարող է մասնակցել ֆորումին, մինչդեռ արդեն 1400 հոգու դիմում կա, իսկ այն մարդիկ, որոնք կընտրվեն, նրանց համար մասնակցությունն անվճար է։
Հայաստանի կողմից այսօրվա դրությամբ 11 հոգի դիմում է ներկայացրել։ Դիմումներն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը։
Պրն Սուինեն տեղեկացրեց, որ ֆորումի ընթացքում ուշադրություն է դարձվելու հինգ գլխավոր ճյուղերի վրա. «Առաջինը կրթությունն է եւ նոր մեթոդների կիրառությունը։ Մյուս ճյուղը տնտեսությունն է, սա շատ կարեւոր է սկսնակների համար։ Այն պրոեկտները, որ երիտասարդները կներկայացնեն, դրանցից լավագույն տասնհինգին առաջընթացի եւ ծրագիրը զարգացնելու հնարավորություն կտրվի։ Երրորդ ճյուղը մշակութայինն է, չորրորդը շատ կարեւոր է, քանի որ անդրադառնալու է լեզվական կողմի վրա եւ թե ինչպես ֆրանսերեն լեզուն հասանելի դարձնել ողջ աշխարհում։ Իսկ հինգերորդ ճյուղն էլ վերաբերում է երիտասարդների մասնակցությանը դեմոկրատիայի տարածման հարցում»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ