Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ միգրացիոն ծառայությունը Ռուսաստանին խնդրում է, որ մեր քաղաքացիներին հետ ընդունի (Տեսանյութ) 

Նոյեմբեր 20,2014 14:09

Տուն տեղ վաճառած եւ անօրինական ճանապարհով արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիները վերադառնալով՝ հայտնվում են անելանելի վիճակում. ո’չ ապրելու տեղ են ունենում, ո’չ էլ գրավ, որպեսզի բանկերից գումար վերցնեն, ինչ-որ բիզնես սկսեն: Այս առնչությամբ, տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն, այսօր, նախարարությունում ասաց, որ այդ քաղաքացիները կարող են օգտվել մեր երկրում փոքր ու միջին բիզնեսին տրվող վարկերից, որոնց համար գրավի առարկա չի պահանջվում:

Գագիկ Եգանյանը ներկայացրեց «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը` www.tundarc.am, որը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստան վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներին աջակցելու համար: Այն հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ստանալ վերադարձի եւ հայրենիքում վերաինտեգրման գործընթացների այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Ամեն վերադարձածի համար ռեինտեգրման անհատական ծրագիր է մշակվում, առողջապահության հարցերում են աջակցում, նրան համար հայոց լեզվի ուսուցման դասընթացներ են կազմակերպվում:

Aravot.am-ի հարցին, թե Եվրամիության հետ արդեն մի քանի տարի իրականացվող ծրագրերի արդյունքում քանի՞ մարդ է վերադարձել Հայաստան, պարոն Եգանյանն ասաց` մի քանի հազար: Պարոն Եգանյանի խոսքերով այս տարվա 10 ամիսների տվյալներով, մեր երկրից մեկնած քաղաքացիներից 91 հազար մարդ չի վերադարձել:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե որոշ մասնագետներ մտավախություն են հայտնում, որ ԵՏՄ-ին անդամակցելով միգրացիան կավելանա, քանի որ օրինական դաշտ ու նպաստավոր պայմաններ են ստեղծվում դրա համար, Գագիկ Եգանյանն ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ: Ըստ նրա, ԵՏՄ-ին միանալով աշխատաշուկաները դառնում են միասնական եւ տվյալ երկրում աշխատանքային գործունեություն ծավալելիս, ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները հավասար վիճակում են գտնվում:
Գագիկ Եգանյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Միգրացիոն ծառայության ղեկավարը Aravot.am-ի խնդրանքով նաեւ մեկնաբանեց, թե ի՞նչ է լինելու այն քաղաքացիների ճակատագիրը, որոնք տարբեր խախտումների համար արտաքսվել են ՌԴ-ից եւ մի քանի տարի իրավունք չունեն այդ երկիր մուտք գործելու, մինչդեռ նրանցից շատերի ընտանիքները Ռուսաստանում են:
Պարոն Եգանյանն ասաց, որ ծառայությունն այդ ուղղությամբ սկսել է աշխատանքներ տանել եւ դիմումներ ընդունել` այդպիսի իրավիճակում հայտնված քաղաքացիներից, որոնց դիմումները քննարկման են ուղարկվում ՌԴ, նրանց գործերը մեկ անգամ եւս վերանայվելու: Ըստ Գագիկ Եգանյանի, այդ մարդկանց թվում կան այնպիսիները, որոնք առողջական խնդիրների կամ այլ հարցերով են եւ որ նրանց` ՌԴ-ում  գտնվելը ճակատագրական հարց է:
Ծառայությունն այդպիսի դիմում ստացել է 2923 անձից, որոնցից  1771-ի գործերով ՌԴ-ից դրական պատասխան է ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930