«Այն, որ օրերս ասացին՝ հավերը մեծ ձու են ածում, դրա պատճառով էլ ձուն թանկացել է, ծիծաղելի է», այսօր «Հայելի» ակումբում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով՝ եթե հավերը սկսել են մեծ ձու ածել, դա նշանակում է արտադրողները հորմոնալ խառնուրդով թռչնակեր են տալիս:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Հայթյանը, նշեց. «Մեծ ձու ածում են տարիքով մեծ հավերը, իսկ վառեկները՝ երիտասարդները, մանր ձվեր են ածում եւ մանր ձվերն ավելի օգտակար են»:
Անդրադառնալով մրգի շուկային, Մելիտա Հակոբյանն ասաց, որ շուկան բավականին լավ ուսումնասիրել են եւ Հայաստանում կան լավ արտադրողներ, իսկ վատ արտադրողները հիմնականում փոքրիկ, տնայնագործական ընկերություններն են:
Մելիտա Հակոբյանի խոսքերով՝ երշիկեղենի արտադրության մեջ ամբողջ աշխարհում օգտվում են հնդկական գոմեշի մսից. «Դա մեր պատկերացրած գոմեշը չէ, դրանք մեր տանջված-չարչարված ջլուտ գոմեշները չեն: Մենք գիտենք, որ Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է եւ նրան լավ են վերաբերվում, չեն մորթում մինչեւ մահը»:
Կարդացեք նաև
Մելիտա Հակոբյանի ներկայացմամբ՝ մսամթերքի շուկայում ուսումնասիրությունների արդյունքում «Սոս», «Կարինե-Նարինե», «Չիլինգարյան եւ ընկերներ» ու մի շարք այլ ընկերություններ փակվել են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ