ԱՄՆ պետքարտուղարությունը ըմբռնումով է մոտենում այն հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին չեն թույլատրել այցելել Ադրբեջանի կողմից խոցված Ղարաբաղի ուղղաթիռի անկման վայր, այս մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը փորձելո՞ւ է աջակցել, որպեսզի հնարավոր լինի այցելել այդ վայրը:
«Մենք հասկանում ենք, որ կա, որ կարող է եղած լինել ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքի մերժում», – ասել է Ռաթկեն՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ հուշելով, որ այլ մանրամասների համար պետք է դիմել ԵԱՀԿ-ին:
«Ուղղաթիռի խոցման հետ կապված մեր դիրքորոշումը նույնն է մնում: Մենք կարծում ենք, որ սա ազդակ է, որպեսզի բոլոր կողմերը կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այլ բան չեմ կարող ասել», – նշել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ