ԵՏՄ-ին միանալու առնչությամբ քաղաքական տարաձայնություններն այս փուլում սահուն տեղափոխվել են իրավական հարթություն, թեպետ մինչեւ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 14-ի որոշումն էլ իրավական ուղղվածության հայտարարությունների պակաս չի զգացվել:
Այս առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ին պարզաբանումներ տվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
-Հայտարարվում է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցմամբ կոպտորեն խախտվում է սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանության հիմնադրույթը, որը յուրաքանչյուր պետության անքակտելի հատկանիշներից է:
-ԵՏՄ անդամակցմանն առնչվող իրավական հիմքերին համալիր անդրադարձ է արվել Սահմանադրական դատարանի 2014թ. նոյեմբերի 14-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ՍԴՈ-1175 որոշմամբ:
Կարդացեք նաև
Այդ որոշմամբ որեւէ սկզբունքային հարցադրում, այդ թվում՝ ինքնիշխանության հիմնադրույթին առնչվող, չի շրջանցվել: Հիշյալ խնդիրը քննարկվել է հիմնականում երկու հարթության վրա:
Նախ, ընդգծվել է այն իրողությունը, որ «…միջազգային արդի զարգացումները, գլոբալացման գործընթացները, միջպետական ինտեգրման միտումները հանգեցրել են նրան, որ երկրները գնում են առավել խոր փոխշահավետ գործակցության՝ ի սպաս իրենց ժողովուրդների եւ քաղաքացիների բարօրության»:
Ընդ որում, համագործակցությունը, որին իրավաչափ շահեր հետապնդելով ձգտում են նաեւ զարգացած երկրները (ինչն անխուսափելիորեն հանգեցնում է նաեւ հանրային իշխանության իրացման այնպիսի կանոնների, որոնց համատեքստում տրամաբանական եւ իրավաչափ է դառնում մասնակից պետությունների համաձայնությամբ առանձին դեպքերում որոշումների կայացումը վերպետական մարմինների կողմից), չպետք է ինքնանպատակ լինի, այն կարող է եւ պետք է համարժեք լինի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների գերակայության սկզբունքին: Ինքնիշխանությունը եւս անսահմանափակ չէ, այն եւս սահմանափակված է հիշյալ արժեքներով:
Նշված հարցադրումը ներդաշնակ կապի մեջ է հաջորդ դիտարկման հետ, որը շեշտադրում է ոչ այնքան միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, որքան դրա հիմնավորվածությունը:
Այս առումով, հետաքրքիր դիտարկում կա ՍԴ նշված որոշման մեջ. «Գլխավոր խնդիրն այն է, թե որքանով է ապահովվում նման ինտեգրման փոխշահավետությունը եւ ներդաշնակությունը երկրի սահմանադրական կարգի հիմունքներին: Ընդ որում, պետության մասնակցությունը միջազգային կազմակերպություններին համարվում է իրավաչափ, եթե դա իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան եւ չի հանգեցնում մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, չի հակասում իր սահմանադրական կարգի հիմունքներին»:
Նշված չափանիշներով պետական ինքնիշխանության սահմանափակումը չի կարելի նույնացնել ինքնիշխանության անհիմն խաթարման կամ կորստի հետ, եւ այս չափանիշներով հանդերձ, արձանագրվել է, որ պայմանագրային դրույթները համահունչ են սահմանադրությանը:
-Ինքնիշխանության սահմանափակման բաղադրիչներն ի հայտ եկան միայն ԵՏՄ-ի՞ն անդամակցելու պարագայում, թե՞ նույնաբնույթ սահմանափակումներ կան նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, անդամակցման դեպքում:
-Իհարկե կան, սա ամենեւին առաջինը չէ եւ էապես չի տարբերվում այն հիմքերից, որոնք արդեն իսկ ամրագրվել են ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցման հիմնադիր փաստաթղթերում:
Թերեւս հենց այս պարտավորությունների իրավական բնույթը հաշվի առնելով է, որ դեռեւս 2007թ. փետրվարի 22-ին ընդունված «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը նախատեսել է միջազգային կազմակերպության իրավական ակտերի կիրառման ընթացակարգեր:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում