Այսօր ԱԺ նիստում քվեարկություններից հետո դահլիճում ծափեր հնչեցին: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Իսկ ծափերի առիթը քվեարկությունների բացառիկ արդյունքն էր: Արտահերթ նիստը մեկնարկեց մի քանի օրինածերի քվեարկությամբ, եւ ՀՀԿ-ին չհաջողվեց անցկացնել այն: Օրինագծերը չընդունվեցին:
Խոսքը նախ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության մասին է՝ 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով այն չանցավ: Մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Նա հայտարարեց, որ երեկ քննարկված այդ օրինագծում խնդրահարույց դրույթներ կան. «Այս նախագծին մենք դեմ ենք, եւ ուզում ենք, որ բոլոր խմբակցությունները մեկ անգամ եւս քննարկում անեն, որովհետեւ բազմաթիվ հոդվածներ, օրինակ՝ ֆիզիկական անձանց կողմից մարդու մասին տվյալներ հավաքելը, օրինակ, օտար երկրներին մարդու անձնական տվյալները տալը: Ի սկզբանե այս նախագիծը լուրջ քննարկման առարկա է, ուստի խնդրում եմ 20 րոպե ընդմիջում խմբակցություններին հետեւություն անելու համար»:
Ընդմիջումից հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ գտնում են, որ մեր երկրում իրավական պաշտպանության մակարդակը ցածր է, եւ մարդու անձնական տվյալները կարող են սխալ օգտագործվել, արտերկիր հասնել:
Կարդացեք նաև
Քվեարկության դրվեց նաեւ կառավարության ներկայացրած մյուս օրինագիծը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը խմբակցության անունից ասաց, որ իրենք դեմ են այդ օրինագծին, այն հակասահմանադրական է: ԲՀԿ-ն այս անգամ էլ հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ սա թալան է. «Մենք դեմ ենք թալանին»:
Այս օրինագիծը եւս չանցավ, այս անգամ՝ 57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է Կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ