Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակի սկանդալը՝ Բաթումիում (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2014 12:18

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների ազատազրկման դեպքեր մի շարք անդամ երկրներում, ինչը մտահոգիչ է»,-այսօր Բաթումիում մեկնարկած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովի բացման արարողությանը, ակնարկելով իրավիճակը Ադրբեջանում, այսպիսի հայտարարություն արեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը նկատեց, թե Արևելյան գործընկերությունում ՀՀ-ն ամենափոքր երկիրն է, բայց ազգային պլատֆորմն ամենամեծն է ու շարունակեց. «Պլատֆորմի կազմում կան 197 կազմակերպություններ: Մեր նպատակն է գործընկերների խորհուրդների միջոցով պարզել, թե ինչպես կարելի է զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այդ առումով Վիլնյուսի գագաթաժողովից հետո այս համաժողովը մեծ կարևորություն ունի»:

barumi_konf-5 barumi_konf-4 barumi_konf-3 barumi_konf-1

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաևան փաստեց, որ Ադրբեջանը բարդ ժամանակներ է ապրում ու ասաց. «Արդեն քսանհինգ տարի է, ինչ Ադրբեջանում գործունեություն ենք ծավալում, սակայն ոչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ոչ ժողովրդավարության ապահովման տեսանկյունից իրավիճակը չի բարելավվել: Չեմ կարող աչք փակել երկակի ստանդարտների կիրառման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների վրա»:

Այնուհետև Արզու Աբդուլաևան խոստովանեց Ադրբեջանում գրանցված ճնշումների մասին ու շեշտեց, թե միայն օգոստոսի դրությամբ բազում ազատազրկումներ են եղել:

Արզու Ադբուլաևան անդրադարձ կատարեց նաև ուկրաինական ճգնաժամին ու նշեց. «Ուկրաինայում իրավիճակը նման է Ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլին, ինչպես նաև ռուս-վրացական պատերազմի նախօրեին գրանցված իրավիճակին»:

Մինչ նիստերի դահլիճում ֆորումը խոսում էր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ապահովման խնդիրներից, Aravot.am-ը նկատեց, որ նախասրահում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սելիմ Բաբաևի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Նա պատռեց «Քաղաքական բանտարկյալները՝ Ադրբեջանում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված պաստառները, որից մեկի վրա հայր և որդի Ալիևների նկարներն էին՝ ընտանեկան բիզնես խորագրով, մյուսում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների նկարները:

Պատվիրակը պաստառների վերականգնումից հետո ևս մեկ անգամ պատռեց դրանք: Կազմակերպիչները հայտարարեցին, թե ստիպված կլինեն ոստիկանություն հրավիրել:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաթումի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930