«Մենք տեսնում ենք մեր գործընկերների ազատազրկման դեպքեր մի շարք անդամ երկրներում, ինչը մտահոգիչ է»,-այսօր Բաթումիում մեկնարկած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովի բացման արարողությանը, ակնարկելով իրավիճակը Ադրբեջանում, այսպիսի հայտարարություն արեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը նկատեց, թե Արևելյան գործընկերությունում ՀՀ-ն ամենափոքր երկիրն է, բայց ազգային պլատֆորմն ամենամեծն է ու շարունակեց. «Պլատֆորմի կազմում կան 197 կազմակերպություններ: Մեր նպատակն է գործընկերների խորհուրդների միջոցով պարզել, թե ինչպես կարելի է զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այդ առումով Վիլնյուսի գագաթաժողովից հետո այս համաժողովը մեծ կարևորություն ունի»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաևան փաստեց, որ Ադրբեջանը բարդ ժամանակներ է ապրում ու ասաց. «Արդեն քսանհինգ տարի է, ինչ Ադրբեջանում գործունեություն ենք ծավալում, սակայն ոչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ոչ ժողովրդավարության ապահովման տեսանկյունից իրավիճակը չի բարելավվել: Չեմ կարող աչք փակել երկակի ստանդարտների կիրառման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների վրա»:
Կարդացեք նաև
Այնուհետև Արզու Աբդուլաևան խոստովանեց Ադրբեջանում գրանցված ճնշումների մասին ու շեշտեց, թե միայն օգոստոսի դրությամբ բազում ազատազրկումներ են եղել:
Արզու Ադբուլաևան անդրադարձ կատարեց նաև ուկրաինական ճգնաժամին ու նշեց. «Ուկրաինայում իրավիճակը նման է Ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլին, ինչպես նաև ռուս-վրացական պատերազմի նախօրեին գրանցված իրավիճակին»:
Մինչ նիստերի դահլիճում ֆորումը խոսում էր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ապահովման խնդիրներից, Aravot.am-ը նկատեց, որ նախասրահում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սելիմ Բաբաևի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Նա պատռեց «Քաղաքական բանտարկյալները՝ Ադրբեջանում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված պաստառները, որից մեկի վրա հայր և որդի Ալիևների նկարներն էին՝ ընտանեկան բիզնես խորագրով, մյուսում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների նկարները:
Պատվիրակը պաստառների վերականգնումից հետո ևս մեկ անգամ պատռեց դրանք: Կազմակերպիչները հայտարարեցին, թե ստիպված կլինեն ոստիկանություն հրավիրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բաթումի