Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատների լավատեսական լռությունը. «168 ժամ»

Նոյեմբեր 20,2014 12:09

Ամեն տարի կառավարությունը փորձում է բոլորին համոզել, որ իր իրագործելիք բյուջեով փորձում է պայքարել աղքատության դեմ։ Ամեն տարի փորձում ու պայքարում է, բայց անիմաստ։ Աղքատության մասին զեկույցը 2009 թվականից նույն մեթոդաբանությամբ է գրվում։ Նախկին տարիների փորձից գիտենք, որ մեր վիճակագիրները պարբերաբար փոխում են մեթոդաբանությունը՝ այդպես փորձագետներին զրկելով տարիների հաշվարկով համադրելի վերլուծություն անելու հնարավորությունից։ Աղքատության դեպքում դա չի անցնի։

Ի վերջո, հարկավոր է հրապարակել աղքատների բացարձակ քանակը։ Իսկ նրանց թիվը 2008-ից հետո համարյա չնչին փոփոխություններ է կրում։ Չնչին նվազում է, կամ չնչին՝ աճում։ Պաշտոնապես անցած տարի աղքատ է գնահատվում երկրի բնակչության մոտ մեկ/երրորդը՝ 967 հազար մարդ։ Նրանցից 400 հազարը շատ աղքատ է, իսկ 82 հազարը՝ ծայրահեղ աղքատ։ Տարիներ շարունակ անհողդողդ ու հաստատ նույն թվերն են։ Ի հեճուկս կառավարության իրագործած «սոցիալական» բյուջեների։ Գնահատման համակարգն այսպիսին է՝ չափահաս մարդն աղքատ է համարվում, եթե ծախսում է 39 հազար դրամից պակաս գումար։ Շատ աղքատ է, եթե 32 հազարից պակաս է տնօրինում։ Իսկ ծայրահեղ աղքատության գիծը 23 հազար դրամ է։

Ինչ-որ մեկը որոշել է, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամ ունենալը մարդուն շատ աղքատից դարձնում է պարզապես աղքատ։ Հավանաբար՝ այդ ինչ-որ մեկն էլ չգիտի, թե 30 օրվա ընթացքում 7 հազար դրամով ինչ կարելի է գնել՝ քանի զույգ կոշիկ կամ վերարկու, կամ՝ քանի օր կարելի է ջեռուցել բնակարանը։

Պաշտոնապես հայտարարվում է, որ աղքատ բնակչության մեծամասնությունը քաղաքներում են ապրում՝ 64 տոկոսը։ Երևանին բաժին է ընկնում աղքատների մոտ մեկ քառորդը։ Լավ է, որ գործող մեթոդաբանությունը թույլ է տալիս աղքատություն արձանագրել գյուղական բնակավայրերում։ Ի տարբերություն, ասենք, գործազրկության ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանության։ Մեր երկրում գյուղացին պաշտոնապես չի կարող գործազուրկ համարվել, որովհետև հող ունի ու կարող է այն մշակել։

Աղքատության զեկույցում թվեր չկան աղքատ երեխաների մասին։ Հավանաբար հումանիզմի դիրքերից նման հաշվարկներն ընդունելի չեն։ Իսկապես թերսնվող երեխաների քանակի պաշտոնական հրապարակումը կարող էր խաթարել մեր ազգային հոգեբանությունը։ Կամ՝ ազգային հոգեբանության մասին մեր պատկերացումները։

Բայց զեկույցում մեկ տարօրինակ փաստ է արձանագրվել։ Ոչ տնտեսագիտական ուսումնասիրությունների, այլ տնային տնտեսություններում արված հարցումների արդյունքում՝ մեր բնակչության 18 տոկոսն է իրեն աղքատ համարում։ Փաստորեն, բնակչության 32 տոկոսն աղքատ է՝ հագնվելու, սնվելու, տաքանալու և այլն, լուրջ դժվարություններ ունի, բայց նրանցից միայն 18 տոկոսն է իրեն աղքատ համարում։ Ասեք, որ լավատեսության հրաշալի ցուցանիշ է։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930