Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց պատվից ցածր են համարում շարքային մահկանացուների կողքին ճանապարհորդելը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2014 11:46

Արդյոք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պե՞տք է բիզնես կարգով ճանապարհորդեն: Ակնհայտ է, որ հարցը միանշանակ պատասխան չունի, բայց կարծում ենք՝ ճիշտ կլինի այն քննարկել։ Եթե խնդիրը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում, ապա առաջ է գալիս այն տեսակետը, որ այդքան էլ սիրուն չի լինի, եթե պետական այրերը շարքային մահկանացուների պես էկոնոմ կարգով ճանապարհորդեն, «ինչ կմտածեն մեր հանրապետության մասին»,- կասեն մարդիկ։

Բայց մյուս կողմից երբեւէ մտածել եք, թե մեր հանրապետության մասին ինչ են մտածում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ մնացած այլ երկրներում, երբ տեսնում են, թե ՀՀ քաղաքացիներն ինչ նվաստացումների եւ զրկանքների են դիմում, ինչպիսի նողկալի պայմաններում են պատրաստ գոյատեւել, միայն թե այդ երկրներում ապրելու իրավունք ստանան։

Պաշտոնյաների վարքագիծը գնահատելու ամենաճիշտ եւ արդյունավետ տարբերակը նրանց ծախսերը եւ գործունեության արդյունավետությունը համեմատելն է։ Արդյոք ՀՀ պաշտոնյաներն իրենց գործունեությամբ նպաստո՞ւմ են հանրապետության զարգացմանը։ Երբ խնդիրն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա տեսնում ենք, որ ի դեմս պաշտոնյաների՝ գործ ունենք մարդկանց հետ, ում անմիջական գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների 32 տոկոսը կամ մեկ միլիոն բնակչությունն ապրում է աղքատության պայմաններում։ Այդ նույն պաշտոնյաների գործունեության արդյունքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ տարբեր երկրների միգրացիոն եւ սոցիալական ծառայությունների դռներն են թակում, որպեսզի իրենց երեխաների համար մի կտոր հաց հայթայթեն, կամ որ թույլ տան այդ երկրներում ապրել։

Այն մարդիկ, ովքեր արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ մսխում են Հայաստանի հանրային սեփականությունը, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելով եւ կոռուպցիոն մեխանիզմներ կիրառելով՝ դարձել են միլիոնատերեր, ում համար Հայաստանը չի եղել կամ դադարել է հայրենիք լինել, եւ նրանք վաղուց այլ պետության շահեր են սպասարկում, իրենց պատվից ցածր են համարում շարքային մահկանացուների կողքին ճանապարհորդելը։ Իսկ միգուցե նրանք վախո՞ւմ են իրենց գործունեությունից տուժած մարդկանց կողքը նստել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930