Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Ես վստահ եմ, որ լիարժեք միջնորդություն չի եղել» (տեսանյութ)

Նոյեմբեր 20,2014 11:05

Չորրորդ օրն է՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է անում:

Նպատակը՝ դիվանագիտական ճնշման շնորհիվ նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծի մոտ ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների ճակատագիրը պարզելն ու նրանց հայկական կողմին վերադարձնելն է:

Դավիթ Սանասարյանին այցելում են քաղաքացիներ, անցորդներ, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընկերները, հարազատները: Այցելում են, զորակցում: Ոմանք համաձայն են նրա այս որոշման հետ, ոմանք՝ ոչ:

«Հացադուլիս պահանջները դեռեւս անկատար են եւ ես մնալու եմ այնքան, մինչեւ հասնեմ իմ եւ հայ ժողովրդի նպատակներին: Նորություն դեռ չկա, բայց հույս ունեմ, սպասում եմ, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն», – ասաց Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին:

Իսկ լավագույն տարբերակը հացադո՞ւլն էր հարցին նա պատասխանեց. «Մտածելու ժամանակ չկար: Բայց հարաբերական երկար մտածեցի եւ համոզվեցի, որ այլ միջոցառումները փոփոխություն չեն բերելու: Սա այն հարցն է, որ ես նեղություն եմ տալիս ինձ ու չեմ փորձում ուրիշների միջոցով ելքը գտնել: Բայց չեմ կարծում, որ սա են հաշվի առնելու, իմ այս քայլն է լինելու տղաներին վերադարձնելու պատճառը: Պարզապես, իմ արածը թեման տաք պահելն է, հնչեղություն տալը, մամուլում շոշափելը, մինչեւ միջազգային հանրությունը հասկանա, որ առաջին հերթին սխալ է աշխատում, քանի որ միջազգային հանրությունը Մինսկի խմբի համանախագահներին միջնորդության այլ մանդատով է լիազորել: Իսկ ես վստահ եմ, որ լիարժեք միջնորդություն չի եղել: Իսկ եթե անգամ իրենք միջնորդել են եւ արդյունքի չեն հասնում, բարձրաձայն մտածելով՝ դիմում եմ համանախագահող երկրներից երկուսին՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, եւ հիշեցնում, որ նրանք համամարդկային արժեքների համար տարբեր ամբիոններից շատ ժամանակ են ծախսել ու սա այն դեպքն է, երբ համամարդկային արժեքներն են ոտնահարվում, որ ուղղակի կամ անուղղակի խոշտանգվում են զոհվածները եւ նրանք պետք է լուրջ քայլեր անեն»:

Հարցրինք, թե ինչո՞ւ է Ռուսաստանը «հանում» համանախագահող երկրների եռյակից: «Ռուսաստանը երբեք չի փայլել համամարդկային արժեքներ տարածելով, խնդիրներ ունի իր ներսում, ինչպես Ամերիկան եւ Ֆրանսիան: Բայց մարդու իրավունքների հարցում վերջին երկուսը ավելի մեծ դերակատարում ունեն, պարտավոր են իրենց սահմանադրության մանդատն իրականացնել: Իրենք կարող են: Եվ ես ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ նրանցից որպես Մինսկի խմբի համանախագահների: Նրանք չպետք է անտեսեն այս դեպքը: Իսկ Ռուսաստանն իմ կարծիքով պետք է լռություն պահի, ինչն իմ կարծիքով ավելի ազնիվ է: Եթե զենք ես մատակարարում մի պետության, որը սպառնում է քո ռազմավարական դաշնակցին, այս պարագայում ամոթից դրդված լռությունն ավելի անկեղծ ու գնահատելի է իմ կողմից: Ռուսաստանում որոշակի շրջանակներ անհանգստացած են: Ռուսաստանն էլ պետք է անհանգստանա, ինչպես ցանկացած պետություն, քանի որ նույն բանը կարող է իրենց հետ էլ լինել: Հատկապես այս տարածաշրջանում անելիք ու ասելիք ունեն, բայց հակամարտությունը մնում է չլուծված», – պատասխանեց Դավիթ Սանասարյանը, որն առայժմ առողջականից չի բողոքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930