Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որի խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է: Արդարացի և դիպուկ է ասված, խոսք չկա: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Շավարշ Քոչարյանի ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը, բանակցային գործընթացի մեջ են այդ ահաբեկչական պետության հետ կամ այլ կերպ ասած՝ բանակցում են ահաբեկիչների հետ: Եվ սա այն դեպքում, երբ հայտնի է, որ աշխարհում ահաբեկիչների հետ չեն բանակցում, քանզի այդ բանակցությունները նոր ահաբեկչություն են ծնում, արդարացնում են արդեն գործված ահաբեկչությունները և ահաբեկիչների մոտ առաջ են բերում այն մտայնությունը և համոզմունքը, որ ահաբեկչությունը արդյունքներ է տալիս, եթե ամեն ահաբեկչությունից հետո շարունակում են իրենց հետ բանակցել:
Ահավասիկ, մենք սա տեսնում ենք Ադրբեջանի վարքագծում: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը ավելի ու ավելի ցինիկ կերպով, որովհետև հայտարարելով ահաբեկչության, ահաբեկիչ պետության հետ գործ ունենալու մասին՝ Հայաստանի իշխանությունները, միևնույն է, գնում և ահաբեկիչների հետ, ահաբեկչական պետության հետ բանակցություններ են վարում Ղարաբաղի և ընդհանրապես տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները մի կողմից դատապարտելով Ադրբեջանին որպես ահաբեկիչ պետության, դատապարտելով նրա ահաբեկչությունները, որոնք կյանքեր են խլում Հայաստանի զինուժից և քաղաքացիական բնակչությունից, մյուս կողմից շարունակելով բանակցությունները այդ պետության հետ, շարունակելով Ղարաբաղի ճակատագրի շուրջ քննարկումները ահաբեկիչների հետ, ըստ էության խրախուսում են նրանց նորանոր ահաբեկչությունները: Եվ այս, մեղմ ասած, պարադոքսալ կամ կազուսային վիճակը բնականաբար չի կարող վրիպել համաշխարհային հանրության աչքից և չի կարող անհետևանք մնալ, քանի որ համաշխարհային հանրությունն առաջնորդվում է իրական պատկերով, ոչ թե բարոյախրատական չափանիշներով:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև