Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդլայնված խորհրդակցություն`ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Նոյեմբեր 20,2014 10:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են վարչական շրջաններում ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ձյան և ցածր ջերմաստիճանային պայմաններում սանմաքրման մեքենամեխանիզմների աշխատանքի վիճակի, բազմաբնակարան շենքերում իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև տեխնիկական աղի ու ավազի կուտակման մասին:  Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել վարչական շրջաններում դեռևս առկա որոշակի տեխնիկական խնդիրները: Բարձրադիր վարչական շրջանների ղեկավարներին ցուցում է տրվել վարչական շրջանների համապատասխան հատվածներում ապահովել աղ ու ավազով լցված տարողություններ` ճանապարհների տեխնիկական մշակումն ավելի օպերատիվ կազմակերպելու նպատակով:

Պատասխանատուներին հանձնարարվել է ձմռան ամիսներին մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին ներգրավել նաև կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում՝ շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան ներգրավել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ հատուկ ուշադրություն դարձնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներին` անխափան ջրամատակարարում ապահովելու և ենթակառուցվածքների սառեցման դեպքերից խուսափելու համար: Այս համատեքստում «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրվել է ջրամատակարարման գրաֆիկների կարգավորման և ձմռան ամիսների ընթացքում հերթապահ խմբերի  քանակի ավելացման վրա:

«Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները քաղաքապետի առաջին տեղակալին տեղեկացրել են, որ  հիմնականում ավարտել են ձմռան աշխատանքային ռեժիմի անցման գործընթացը, ավելացրել են վթարավերացնող խմբերի քանակը:  «Երքաղլույս» ընկերության տնօրենին հանձնարարվել է գույքագրել շարքից դուրս եկած էլեկտրական լամպերը և նորերով փոխարինել բակերի, ստորգետնյա և վերգետնյա անցումների լուսատուները: Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ինչպես պետական այնպես էլ երթուղիները սպասարկող մասնավոր ընկերություններում ընթանում են ամառային անվադողերը ձմեռայիններով փոխարինելու աշխատանքները:

Առաջիկա օրերին լրատվամիջոցներով հանդես կգա նաև ճանապարհային ոստիկանությունը` երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորելով տրանսպորտային միջոցները ապահովել ձմեռային անվադողերով` խցանումներից ու դժվարանցանելիության դեպքերից խուսափելու համար: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նույնպես հիմնականում պատրաստ են ձմռանը: Մի քանի հաստատություններում առկա տեխնիկական որոշ խնդիրներ, առաջիկա օրերին սպասարկող ընկերության հետ համագործակցելով, լուծում կստանան: Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել առավելագույն արագ ու  արդյունավետ: Ամբողջ գործընթացը կվերահսկեն քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը` իրավիճակի մասին ամենօրյա ռեժիմով զեկուցելով Երևանի քաղաքապետին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930