Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ օրենքներ՝ շատ ավազակներ

Նոյեմբեր 20,2014 10:11

Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա՝ Հայաստանում եւ մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արեւմուտքում՝ «նիհարում»: Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը՝ սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածներ, իսկ Արեւմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթեւացնում են» օրենքները: Այս օրինաչափությունը հայտնի է դեռեւս շատ հին ժամանակներից. մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում չինացի փիլիսոփա Լաո-Ցզին ասում էր՝ որքան շատ են օրենքները, այնքան շատ են ավազակները: Դա կարելի է երկակի հասկանալ. մի կողմից՝ օրենքների առատությունը մարդկանց մոտ դրանք շրջանցելու գայթակղություն է առաջացնում, մյուս կողմից՝ ավազակների առատության պատճառով ստեղծվում են նորանոր օրենքներ: Այդ փակ շրջանի հաղթահարումը կարող է տեղի ունենալ, ինչպես ընդունված է ասել, իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, բայց վերջինս ձեւավորվում է քաղաքացիների մեծամասնության՝ օրենքները կատարելու կամքով:

Ազգային ժողովում քննարկվող վերջին երկու նախաձեռնությունները օրենքների «գերաճի» փայլուն օրինակներ են: Ըստ այդմ, մեզ պետք է, որ խոշոր տնտեսվարողները հարկեր վճարեն: Ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք են այդ տնտեսվարողների անունները եւ բիզնեսները: Ցանկության դեպքում դժվա՞ր է ստուգել, թե նրանց շրջանառության որ մասն է «սեւ», որը՝ «սպիտակ», եւ «սեւը» աստիճանաբար «սպիտակեցնել»: Ներկայիս օրենսդրությունը դրա բոլոր գործիքները տալիս է: Բայց դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ խոշոր տնտեսվարողները եւ բարձրագույն իշխանավորները նույն մարդիկ չեն: Հակառակ դեպքում նրանք կվարվեն՝ ինչպես Գոգոլի հայտնի հերոսուհին, որն ինքն իրեն մտրակել է, ինչը գործնականում հնարավոր չէ: Փոխարենը հնարվում է նոր օրենք, որով փոքր ձեռնարկատերերը պետք է «գործ տան» խոշորների վրա՝ նրանցից պահանջելով փաստաթղթեր, իսկ դրանց բացակայության դեպքում բողոքեն համապատասխան ատյաններ: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դա գործող ծրագիր չէ:

Նույնը՝ մայրության նպաստը: Սեփականատերերից ոմանք զբաղված են խարդախություններով, ֆիկտիվ աշխատավարձեր եւ պարգեւատրումներ են գրում (հավանաբար, «ատկատով»), որպեսզի դրանց հիման վրա կանայք հետագայում պետությունից միլիոնավոր դրամների հասնող «դեկրետ» ստանան: Այդ խիստ դատապարտելի պրակտիկային վերջ տալու համար նոր օրենք է գրվում, համաձայն որի՝ պատժվում են ոչ թե խարդախ սեփականատերերը, այլ… աշխատող մայրերը:
Այս ամենը հրաշալի ձեւակերպել է մեկ այլ նշանավոր ռուս գրող՝ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը. «Ռուսաստանյան օրենքների խստությունը մեղմվում է դրանց կատարման ոչ պարտադիր բնույթով»:

ԱՐԱՄ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արմեն Պողոսյան says:

    Corruptissima re publica plurimae leges – Պուբլիոս Կորնելիոս Տակիտոս

    Ասել է թե – Որքան շատ են օրենքները, այնքան ավելի կոռումպացված է իշխանությունը:

  2. Լավատես says:

    Ի՞նչ տեղի կունենա, եթե այգեպաններին փոխարինեն այծերը: Ինչքան էլ այծի գլխին քարոզ կարդա, օրենք գրի, թե պարտեզի ծաղիկները մի կեր, կաշառակերությամբ ու կաշառատվությամբ մի զբաղվի, կասի՝ ես չուտեմ, ուրիշ այծեր կուտեն: Պարտեզը այծերի տեղը չէ, քանի դեռ չկան բարձր ու միջին խավեր, պետությունը վտանգված վիճակում է:

  3. մարդ says:

    Մի փոքրիկ անեկդոդ հիմնվելով Աշոտ Ղազարյանյան «մեր բակ» կոլեկցիոնից.

    – Հնարվում է նոր օրենք, որով փոքր մրջունները պետք է «գործ տան» խոշոր փղի վրա . Մրջունները մինչեվ հիմա գրում են…..

  4. Արսեն says:

    Վատ չի, հիվանդության ախտորոշումը, ընդհանուր առմանբ, ճիշտ է ներկայցված։
    Իհակե, հեղինակը «ինքը» չէր լինին, եթե եթե մեղքը «չտեղավորեր» հասարակության վրա՝ …
    …ինչպես ընդունված է ասել, իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, բայց վերջինս ձեւավորվում է քաղաքացիների մեծամասնության՝ օրենքները կատարելու կամքով…
    Հասարակության «մեղքը» ոչ թե նրանումն է, որ նա վատ ընտրող է, այլ որ համակերպվել է «չընտրության» մեխանիզմին։

  5. Ալեքսանդր says:

    Որևէ կասկած չկա, որ դարձավճարի` “օտկաի” մշակույթը այժմ Հայսատնում գործող միակ աշխատելու եղանակն է: Եվ դրանով է գայթակղում պետական մեծ և նույնիսկ շատ-շատ փոքր պաշտոնը, որը իրավունք է տալիս հնարամտության դեպքում փող շինել դարձավճարի միջոցով: Եվ չասեք, թե “հասարակությունը” մեղավոր չէ: Նման մարդկանց քանակը մեր հասարակությունում բավականին մեծ է` այդ մշակույթը նորմալ ընկալվելու համար;

  6. Աբո says:

    Ամեն ինչ ճիշտ է գրված և դա բոլորն էլ գիտեն:Գլխավոր հացը ինչ՞ անել,ինձ չի թվում,որ եթե կրճատենք օրենքների քանակը,վիճակը կլավանա:Ես ինքս ինձ հարցրեցի,եթե ես պաշտոնյա լինեի դարձավճար կվերցնեի՞:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930