Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես ստացվեց, որ եռյակն ու ՀՀԿ-ն հավասար չափով էին հայրենասեր

Նոյեմբեր 20,2014 17:00
Azat Arshakyan

Ըստ Ազատ Արշակյանի՝ հայկական ուղղաթիռը խփելը
շատ լավ առիթ է եռյակի համար՝ պատվով հրաժարվելու իր ծրագրից

«Շատ դժվար կլինի գտնել ազդեցիկ քաղաքական գործիչ, որը կգնա այս օրերին Հայաստանում իշխանության թուլացման կամ անիշխանության՝ հաշվի առնելով Արեւմուտքի եւ ՌԴ-ի հակամարտությունը, հայկական ուղղաթիռի ոչնչացումը: Շատ վտանգավոր ժամանակ է: Պատասխանատու եւ ազդեցիկ քաղաքական գործիչները հասկանում են, որ չի կարելի ցնցել երկիրը եւ քաղաքացիական անհնազանդություն հրահրել, որովհետեւ դրանք բոլորը թուլացնում են հայկական պետությունը»,- եռյակի, մասնավորապես ԲՀԿ-ի՝ այլեւս հանրահավաքներ չանելու որոշումն «Առավոտի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարզապես շանտաժ էր անում Սերժ Սարգսյանին՝ հույս ունենալով, որ նա տեղի կտա. «Որպես շանտաժ, երբ հայտարարեցին, որ մենք մշտացույցերի կգնանք, մենք ձեր իշխանությունը կթուլացնենք, տրանսպորտը կանգ կառնի՝ այդ ամենը նորմալ է: Դա շանտաժ է: Իրենք հաշվի էին առնում, որ իշխանությունները շատ ավելի պատասխանատու կլինեին եւ կհանձնվեին: Ենթադրվում էր, որ այդ աղմուկը կզինաթափի իշխանությանը, եւ ՀՀԿ-ն սկուտեղի վրա կբերի եւ կմատուցի իրենց իշխանությունը: Ըստ երեւույթին, եռյակն ավելի հայրենասեր էր պատկերացնում ՀՀԿ-ին, քան թե իրենք են: Բայց այնպես ստացվեց, որ նրանք հավասար չափով են հայրենասեր: Հայտարարվեց, որ եթե կա արտաքին սպառնալիք՝ մենք չենք ցնցի, զուսպ կպահենք մեզ, մինչեւ արտաքին մարտահրավերներն անցնեն: Ես կարծում եմ՝ դա նորմալ է: Իսկ Գագիկ Ծառուկյանը միշտ էլ հայտարարել է, որ ինքը չի նստի այն գնացքը, որը 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն ձեւավորել է: Ինչ կարիք կա, որ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ծառուկյանը անեն այն, ինչ լավ անում է Տեր-Պետրոսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ դպրոցն անցել է: Այդ անիշխանությունը չէր լինելու, եւ հիմա հարմար առիթ էր, որ պատվով այդ ծրագրից հրաժարվեին, որովհետեւ ուղղաթիռ խփեցին, տնտեսական պատժամիջոցներ են ՌԴ-ի նկատմամբ: Դրանք բավական ծանր են: Այն մեծ նավը, որի հետեւից մենք գնում ենք՝ մեր մակույկը մեծ ալեկոծություն է առաջացնում, եւ մենք բոլորս հասկանում ենք, որ վտանգավոր է»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ հայրենասիրական դրդումների՞ց է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իշխանափոխության իր ծրագրից՝ Ազատ Արշակյանը պատասխանեց, որ ընդհանրապես ոչ հայրենասեր հայ մեր հակառակորդները չեն տեսել, մենք ենք մեր մեջ տեսել. «Մենք տարբերվում ենք, մենք հայրենասիրության աստիճանի սանդղակ ենք կազմում, իսկ օտարի համար, հատկապես անբարյացակամ օտարի համար, բոլոր հայերն էլ վատն են»:

Հետո Ազատ Արշակյանը հայտարարեց. «Գագիկ Ծառուկյանը հայրենասեր է: Եվ ընդհանրապես՝ մեր մեջ պետք չի փնտրել դավաճան: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ ամենաշատը մենք շատ լավ ծպտված հայրենասեր ենք»:

Մեր հարցին՝ այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պակա՞ս հայրենասեր է, որ հանրահավաքների կողմնակից է եւ գտնում է, որ պետք է դրանք շարունակել, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, հայրենասեր է: Չկա դավաճան հայ, այդ մոտեցումը պետք է հանվի: Պարզապես մենք հայրենասեր ենք ու տարբեր մոտեցումներ ունենք: Մենք տարբեր ճանապարհներով ենք ուզում փրկել մեր հայրենիքը: Եվ լավ է, որ այդ բազմակարծությունը կա, հակառակ դեպքում մեր հայրենիքը չէր լինի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930