Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք մատի կոմբինացիա թոշակառուին՝ պաշտոնյայից

Նոյեմբեր 20,2014 15:30

ՊՈԱԿ-ի տնօրենն էլ վստահեցնում է, որ ինքը նման բան չի արել

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը խորհրդային կարգերի փլուզումից հետո դեղատուն չի ունեցել: Գյուղացիները որեւէ դեղ գնելու համար ստիպված են լինում 18 կիլոմետր հեռավորություն կտրել՝ հասնելու համար Բերդ քաղաք. դեղերն էլ այնքան մատչելի չեն, որպեսզի մի անգամ Բերդ այցելելիս առաջին անհրաժեշտության մի քանի դեղորայք գնեն ու գոնե միառժամանակ դեղորայքի խնդիր չունենան:

Մի խումբ տարեց մովսեսցիներ, որոնք իրենց անվանում են Մովսեսի դեսպան կամ «սերունդների խումբ», որոշեցին մի բան անել, որպեսզի գյուղում դեղատուն լինի, բայց այս նախաձեռնությունը պետական կառույցի պատճառով իսկական գլխացավանք է դարձել:
Երեւանաբնակ, բայց ծագումով Մովսեսից այս տարեցներից մեկը՝ Յուրիկ Հակոբյանը, «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ բյուրոկրատական անհասկանալի քաշքշուկների պատճառով գյուղում դեղատուն բացելը ձգձգվում է:

Պարոն Հակոբյանի ներկայացմամբ՝ Բերդ քաղաքում գործող դեղատան սեփականատիրոջը խնդրել են իրենց սահմանամերձ գյուղում էլ մասնաճյուղ բացել, բոլոր փաստաթղթային հարցերի լուծումը թոշակառուները վերցրել են իրենց վրա: «Մի 2 տարի առաջ նախաձեռնեցինք այս գործը, ու ոնց որ վերջին 2 ամսում սայլը սկսեց տեղից շարժվել: Մի ահագին ժամանակ գնացի-եկա, որպեսզի օրենքից գլուխ հանեմ, էնքան խուճուճ օրենք է, որ ես սաղ կյանքս դիրեկտոր եմ եղել, ֆինանսական ղեկավար եմ եղել, բան չէի հասկանում: Վերջը էդ էլ պարզեցինք, բայց հենց գործը հասավ հսկիչ-դրամարկղային մեքենա ստանալուն, էլի բյուրոկրատական ինչ-որ պատմությունների ու պաշտոնյայի ամբիցիաների հանդիպեցի»,- ասում է պարոն Հակոբյանը: 4-5 անգամ այցելելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ի վերջո Հակոբյանը ստանում է ՀԴՄ սարքն ու ստորագրում դրա համար նախատեսված հանձնման-ընդունման ակտը, բայց հետո, արդեն գյուղում պարզվել է, որ այդ ակտում հասցեն սխալ է գրված եղել, իսկ հասցեն փոխելը ծերունու համար դառնում է «մի կաթիլ մեղրի» պատմություն:

«Նորից գնացի էդ ՊՈԱԿ-ի դիրեկտորի մոտ, արդեն 7-րդ անգամ, ասացի՝ տղա ջան, հասցեն սխալ ենք նշել ակտում, խնդրում եմ՝ էս մի տողը փոխի, ճիշտ հասցեն գրի: Մեկ էլ սա փրփրեց ու ասեց՝ ի՞նչ ա, ձեզ համար թուղթ ստորագրո՞ղ եմ: Ես էլ ասացի, թե սա ոչ բանկի չեկ ա, ոչ էլ արձանագրություն ես ստորագրել, էս մի տողը փոխի, նա էլ՝ չեմ փոխի, ու վերջ, ես ձեզ համար խաղալիք չեմ: Խի ե՞ս եմ խաղալիք, գյուղի համար ենք անում, էս գյուղն էդքան զոհեր է տվել, այ մարդ, ոչ էդ ապտեկայի վարիչին եմ ճանաչում, ոչ էլ անձնական շահ ունեմ, իմ սիրտն իմ գյուղի համար է ցավում, ես էլ սենց վազվզում եմ»,- պատմում է տարեց մովսեսցին:

Որպես երկար տարիներ «դիրեկտոր» աշխատած մարդ՝ պարոն Հակոբյանը ՊՈԱԿ-ի տնօրենից մերժման հիմնավորում է պահանջում, խնդրում է ակտի հակառակ էջին գրել՝ չեմ փոխում հասցեն, որովհետեւ օրենքով չի կարելի, կամ՝ ես չեմ փոխում, մեկ ուրիշի լիազորությունն է, կամ էլ՝ չեմ փոխում, ուղղակի կապրիզ է. «Ու ասացի՝ եթե կապրիզ է սա, տղա ջան, հետեւանքային է: Մեկ էլ էդ տնօրենն ասաց, թե՝ ի՞նչ, ի՞նչ հետեւանքային, լափ էլ չեմ փոխում, գնա, ուր ուզում ես՝ բողոքի: Այ մարդ, մեկ էլ սա բորբոքված գոռալով, երկու ձեռքով ինձ 3 մատի կոմբինացիա ցույց տվեց՝ առռը հա, թե կփոխեմ»:

Տարեց այս մարդն ասում է, որ վիրավորված է ոչ այնքան պաշտոնյայի՝ իր նկատմամբ վերաբերմունքից, որքան պաշտոնյայի՝ սահմանամերձ գյուղի նկատմամբ վերաբերմունքից, ասում է՝ սիրտը վառվում է, որ այսօր մովսեսցիներն ամեն օր գնդակոծության տակ են ապրում, իսկ Երեւանում նստող նախարարների, իր խոսքերով ասած՝ «ջահելները» արհամարհական են վերաբերվում թե մարդկանց, թե գյուղին. «Էդ սենյակում վկա մարդիկ կային, որ ինձ 3 մատի կոմբինացիա ցույց տվեց, բայց բոլորն իր աշխատողներն են, ո՞ր մեկը կասի՝ հա, տեսել եմ, տենց բան ա արել»:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ ինքը բարեխղճորեն փորձել է օգնել, խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար պարոն Մուրադյանը թոռների արեւով է երդվում. «Թոռներիս արեւ, ես 3 օր բացատրել եմ՝ ինչ պիտի անեն, դեղատան տնօրենին, հաշվապահին, Հակոբյանին հատ-հատ բացատրել եմ, որ հարկային էլեկտրոնային տարբերակով հասցեն փոխեն, իրենց մոտի հարկային տեսչությունից էլ տեղեկանք ուղարկեն, որ դեղատան հասցեն սա է: Ես չեմ կարող «պրյոմ-զդաչի» (նկատի ունի՝ տՐՌպՎ-րՊՈփՈ, հանձնման-ընդունման ակտ-Ն. Բ.) ակտը փոխեմ: Ո՞նց կլինի տենց բան, ես բան ու գործ չունե՞մ, «պրյոմ-զդաչի» թուղթ փոխեմ, չեմ կարա»:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Յուրիկ Հակոբյանին 3 մատի կոմբինացիա ցույց տալուն, տնօրենն ասաց. «Վայ, սուտ ա խոսում, սուտ ա խոսում»: Մեր դիտարկմանը՝ եթե բարեխիղճ ու լավ վերաբերվեիք, դժվար թե տարեց մարդն այդքան վիրավորվեր, պարոն Մուրադյանը նորից սկսեց երդվել. «Ուրեմն չե՞ք հավատում, թոռներիս արեւ եմ երդվում: 3 օր հեռախոսով էդ 3 մարդկանց բացատրել եմ՝ ինչ անեն, չէինք կարա չեղյալ համարել էդ ակտը, եթե տենց անեինք, ուրեմն պիտի ասեի՝ ապարատը հետ բեր, նորից դիմում գրի, նոր հայտ ուղարկեինք նոր հասցեով, հետո բավարարեինք, երկար-բարակ գործ կլիներ, լավ կլիներ՝ իմ բացատրածով գնային հարկային տեսչությունից տեղեկանք վերցնեին, պրծնեին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930