Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում քիմիայի ֆակուլտետի, որպես այդպիսին, պահպանումը համալսարանական բնագիտական կրթության անհրաժեշտությունն է

Նոյեմբեր 20,2014 15:00

Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի Հանրապետության մայր բուհն է: Նրա ուսումնագիտական գործունեությունը բնագիտության ասպարեզում առաջին հերթին պետք է ուղղված լինի բնագիտության հիմք կազմող քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն եւ մաթեմատիկա ֆակուլտետների պահպանմանն ու զարգացմանը: Ցավոք, քիմիայի ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ, որն այնուհետեւ հաստատվեց ԵՊՀ գիտխորհրդում (25.06.2014), քիմիայի ֆակուլտետը վերանվանվեց ԵՊՀ Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ: Այդ որոշումը կայացվեց ուսումնական տարվա վերջում, հապճեպ՝ առանց հնարավորություն ընձեռելու ամբիոններում ըստ էության քննարկել եւ ֆակուլտետի գիտխորհրդի անդամների մի մասին ճիշտ կողմնորոշել:

Ավելին՝ հարցը ներկայացվել է ԵՊՀ գիտական խորհրդին՝ որպես ֆակուլտետի գիտխորհրդի նախաձեռնություն, մինչդեռ իրականում դա դեղագործական ամբիոնի նախաձեռնությունն էր: Վերջինս «հիմնավորվում է» նրանով, որ լուրջ նախադրյալներ կան քիմիայի ֆակուլտետի փակման համար՝ ուսանողների անբավարար քանակը: Այս առումով տեղին է նշել, որ հաջորդ իսկ` 2014/2015 ուսումնական տարվա ընդունելության տվյալների համաձայն՝ քիմիայի ֆակուլտետի քիմիա բաժին է ընդունվել երկու անգամ ավելի դիմորդ, քան նախորդ տարի, իսկ դեղագործական բաժին` ավելի քիչ, քան նախորդ տարի: Այն ցայտուն կերպով ցույց է տալիս, որ չէր կարելի հիմնվել մեկ-երկու տարվա տվյալների վրա եւ նման անհեռանկարային որոշում ընդունել: Որպես մյուս հիմնական արգումենտ՝ նշվում է, որ անվանափոխումը կնպաստի միջազգային ծրագրերում ընդգրկվելուն եւ դրամաշնորհներ ստանալուն: Սակայն հանրահայտ է, որ համալսարաններում ամբիոններն են հանդիսանում հիմնական գիտական օղակները, եւ միջազգային ծրագրերն իրագործվում է ամբիոնների, աշխատանքային խմբերի կողմից, եւ դրամաշնորհները ուղղակի որեւէ կախվածություն չունեն ֆակուլտետի անվան հետ:

Հարկ ենք համարում շեշտել, որ այս վիճահարույց հարցը տեղային խնդիր չէ, ունի հանրապետական նշանակության ընդգրկում, եւ համապատասխան քննարկումներին պետք է մասնակցություն ունենան ոչ միայն համալսարանական, այլեւ հանրապետական ակադեմիական եւ ոչ ակադեմիական քիմիական հաստատությունների մասնագետները: Եվ իրոք, ինչպես պարզ դարձավ մամուլում տեղ գտած քննարկումներից՝ մասնագետների մեծ մասը նման որոշումը համարում են ոչ հեռանկարային եւ չնպաստող բարձրագույն քիմիական կրթությանը:

Գտնում ենք, որ քիմիայի ֆակուլտետի, որպես այդպիսին, փակելը եւ այնուհետեւ վերաբացելը պայմանավորել քիմիական արդյունաբերության զարգացման հետ՝ սխալ եւ անընդունելի մոտեցում է: Առավել եւս, ԵՊՀ-ն միակն է հանրապետությունում, որը տալիս է քիմիական հիմնարար կրթություն: Եվ նրա հիմնական առաքելությունը հիմնարար բարձրագույն քիմիական գիտելիքներով մասնագետների եւ ոչ թե դեղագետ-պրովիզոր կամ դեղշուկայի մարքեթոլոգների պատրաստումն է: Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ մեր դիտարկումներով՝ միայն ակադեմիական քիմիական պրոֆիլի ինստիտուտներում վերջին տարիներին ընդունվել են աշխատանքի կամ ասպիրանտուրա ավելի քան 30 հոգի, որոնց մեծ մասն այժմ էլ աշխատում է այդ ինստիտուտներում: Հատկանշական է, որ քիմիայի ֆակուլտետի քիմիա բաժնի շրջանավարտների մի մասն էլ իր գիտական գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների գիտական կենտրոններում: Իսկ այդ հնարավորությունները ձեռք են բերվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը միջազգային ասպարեզում պատշաճ մակարդակով ներկայացնելու շնորհիվ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս բնագիտության բնագավառում շատ կարեւորվում են միջառարկայական մոտեցումները, էլ ավելի նշանակալից է դառնում քիմիայի դերը: Ասվածի գործնական դրսեւորումն է ինչպես նյութաբանության ոլորտում, այնպես էլ «կյանքի գիտությունների» տարբեր ուղղություններում քիմիայի, քիմիական օրենքների եւ օրինաչափությունների կիրառումը: Մինչդեռ ակնհայտ է, որ վերը նշված որոշումը կբերի քիմիա բաժնի ամբիոնների գործունեությունների սահմանափակման:
Ինչ վերաբերում է այլ երկրների համալսարաններում դեղագիտություն եւ քիմիա համակցմանը, ապա անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ԵՊՀ-ն պետք է ելնի այս կամ այն երկրի առաջատար, այլ ոչ թե երկրորդական համալսարանների բնագիտական թեւի կառուցվածքի հետ համեմատվելով: Ընդգծենք նաեւ, որ եղածներում էլ սկզբում գլխավորապես նշվում է քիմիան եւ հետո նոր՝ ֆարմացիան:

Վերջում անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերջերս (16.10.2014) հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ` մասնավորապես կարեւորելով համալսարանական բնագիտական կրթության զարգացումը:

Ելնելով վերը շարադրվածից՝ գտնում ենք, որ ԵՊՀ-ի համապատասխան օղակները պետք է վերանայեն իրենց որոշումները եւ վերականգնեն ֆակուլտետի նախկին անվանումը՝ որպես ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ:

Նամակի տակ ստորագրել են բազմաթիվ անվանի գիտնականներ՝ ԵՊՀ անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Խառատյանը, ԵՊՀ ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քիմիայի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մեժլում Երիցյանը, ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն Նշան Զուլումյանը, ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռաման Մնացականյանը, ԳԱԱ ՕԴՔՏԿ Մոլեկուլի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սուրեն Մամյանը, նույն կենտրոնի լաբորատորիայի վարիչ Ռաֆայել Թամազյանը, ԵՊՀ ընդհանուր Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը:

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանրահայտ Լիսկայի միջնորդած կադրն է և բնավ զարմանալի չէ նրա անիրազեկությունն ու անտարբերությունը այդ կարևորագույն խնդրի հանդեպ, որը նրա ընդգծված կոռուպցիոն վարքագծի ուղղակի հետևանքն է` գիտական գրադարանի թալանից և ուսանողական վարձավճարների մի քանի տասնյակ միլիոն յուրացնելուց հետո…
    Սկանդաները դեռ կհաջորդեն իրար, քանզի հանրապետության նախագահը այս ամենից հետո նրան պարգևատրել է բուհական կրթության վաստակավոր գործչի մեդալով…
    Ճիշտ այնպես, ինչպես, Լիսկայի ,,ծառայությունները ,,գնահատեց,, …..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930