Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնություն՝ սեռական շահագործման մասին

Նոյեմբեր 20,2014 14:30
marmnavachar

Երեկ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Զոյա Զարգարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով, վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն Զոյա Աշոտի Զարգարյանը հաղորդում է տվել:
Այս տարվա մայիսին Վահագն Վարդանյանի եւ Գոհար Կիրակոսյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով՝ Զոյա Զարգարյանին Թուրքիայի Հանրապետությունում սեռական շահագործման ենթարկելու եւ Վահագն Վարդանյանի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր թիվ 69104314 քրեական գործը:

Նախաքննության ժամանակ պարզվել էր այլ բան եւ քրեական գործի նյութերով` Զոյա Զարգարյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր նոր քրեական գործ:
Քննիչը վերանայել էր նախորդ քրեական գործը, Վահագն Վարդանյանի, Քրիստինե Մելքոնյանի եւ Գոհար Կիրակոսյանի նկատմամբ որոշում էր կայացրել չիրականացնել քրեական հետապնդում` վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Զոյա Զարգարյանը մինչ դատական նիստը սկսելը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանն ամբաստանյալ Զոյա Աշոտի Զարգարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտել այն, որ առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել:

Ըստ գործի նյութերի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հղում էր արել ՀՀ Վճռաբեկ դատարանի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ իր նախադեպային որոշումներին` Ս. Ներսիսյանի վերաբերյալ գործով ՎԲ-0124/07, Հովհաննես Սահակյանի վերաբերյալ գործով ԵՔՐԴ/0571/01/08, Ռուբեն Հովակիմյանի վերաբերյալ ԱՐԴ 0117/01/08 որոշումները, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն: Այդ համատեքստում էլ, հանգել էր նաեւ նրան, որ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները:

«Հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալ Զոյա Աշոտի Զարգարյանի արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, որը էականորեն նվազեցնում է նրա կատարած արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ պատժի նպատակների իրացվելիության խնդիրը եւ այդ համատեքստում քննարկելով նշանակված պատիժը ամբաստանյալ Զոյա Աշոտի Զարգարյանի կողմից կրելու հարցը, դատարանը հանգում է հետեւության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու եւ գտնում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել»,- արձանագրել էր դատարանն իր կայացրած դատավճռում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930