Դեռեւս 2006թ. հունվարի 6-ին «Երեւան ջուր» ՓԲ ընկերության եւ «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման թիվ 110822012 պայմանագիրը:
Ըստ այդ պայմանագրի, հայցվորի կողմից պատասխանողին է տրվել թիվ 8-12-21 բաժանորդային քարտ: 2010թ. օգոստոսի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Գրիգ Էլ Մետ» ընկերությունը ձեռք է բերել «Գետամեջի թռչնաֆաբրիկային» պատկանող անշարժ գույքը, դիմել է «Երեւան ջուր» ՓԲԸ-ին` խնդրելով որպես ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններից օգտվող իրավաբանական անձ, իր հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր եւ իրեն համարել բաժանորդ:
29.08.2011թ. «Երեւան ջուր» ՓԲԸ-ի եւ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր: Ըստ դատարանում առկա գործի նյութերի, «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն հայտնել է, որ 17.06.2013թ. լուծվել է «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի եւ իր ընկերության միջեւ 02.02.2012թ. կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, եւ խնդրել է «Երեւան ջուր» ՓԲԸ-ին՝ որպես բաժանորդ գրանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկային»:
«Երեւան ջուր» ընկերությունը դադարեցրել է «Գրիգ Էլ Մետին» ծառայություններ մատուցելը, վերականգնել է պայմանագրային հարաբերությունները «Գետամեջի թռչնաֆաբրիկայի» հետ եւ ընկերությանը սկսել է մատուցել ծառայություններ:
«Երեւան ջուրը» չունենալով «Գետամեջի թռչնաֆաբրիկայի» հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կամ պայմանագիրը վերակնքելու վերաբերյալ համաձայնագիր, պետության հետ հարկային խնդիրները քողարկելու նպատակով, փաստացի ջրօգտագործող չհանդիսացող «Գրիգ Էլ Մետին» էլեկտրոնային եղանակով դուրս է գրել հարկային հաշիվ:
«Գետամեջի թռչնաֆաբրիկայի» պարտքը 16.04.2014թ. դրությամբ կազմել է 938.786 ՀՀ դրամ: «Երեւան ջուրն» այս ապրիլի 22-ին առաջարկել է «Գետամեջի թռչնաֆաբրիկային» մարել առկա պարտքի գումարը: Բացի այդ պահանջից, «Երեւան ջուրը» պահանջել էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար ներկայանալ «բաժին»:
«Գետամեջի թռչնաֆաբրիկան» որեւէ քայլ չի ձեռնարկել, չի պատասխանել այդ գրությանը: Երբ գործը հասել է դատարան, այստեղ էլ առարկություններ չի ներկայացրել պատասխանող ընկերությունը, ինչը դատարանը գնահատել է «որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում»:
Կարդացեք նաև
Դատարանը հայցապահանջը բավարարել է:
«Երեւան ջուր» ընկերության դուրսգրված հարկային հաշիվը «Գետամեջի թռչնաֆաբրիկայի» 31.07.2013թ. թիվ 31/2 գրության հիմքով ճանաչվել է «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ին դուրսգրված հաշիվ: «Գետամեջի թռչնաֆաբրիկայից» հօգուտ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի վճռել է բռնագանձել 938.786 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, եւ 27.974 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Միեւնույն ժամանակ դատարանը պարտավորեցրել է թռչնաֆաբրիկային՝ «Երեւան ջուր» ընկերության հետ կնքել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2014