Կկայանա համերգ՝ նվիրված Աննա Մանդալյանի հիշատակին
Որպես կանոն, շատ քիչ դաշնակահարներ են կարողանում դառնալ կոնցերտմայստերներ եւ բոլոր ժամանակներում լավագույններին միշտ «ձեռքից ձեռք են խլում»: Մեր մշակութային կյանքում իրենց նվագակցելու տաղանդով փայլել են կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի կինը՝ Արուս Բադալյանը, օպերային թատրոնի առաջին կոնցերտմայստերներից Մարգարիտա Բեգլարովան, կոմեդիայի թատրոնի առաջին նվագակցողներից Օլգա Դանիել-Բեկը:
Տարբեր տարիներին հայ անվանի երգիչները թե մեզանում, թե արտերկրում հանդես են եկել ճանաչված կոնցերտմայստերների հետ, այդ թվում՝ Մարիաննա Հարությունյանի, Հովհաննես Փարաջանյանի, Հեղինե Տեր-Ղեւոնդյանի, Նելլի Դանիել-Բեկի, Էլեոնորա Ոսկանյանի, Ջուլիետա Սվասյանի: Մեր ժամանակներում շուրջ 25 տարի կոնցերտմայստերի տաղանդով փայլել է Աննա Մանդալյանը: Տեղական եւ արտերկրյա համերգային գործունեությանը զուգահեռ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտը կրթել է նաեւ դաշնակահար նվագակցողների: «Առավոտի» հետ զրույցում մեր կոնսերվատորիայի կոնցերտմայստերության պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանը, հիշելով կյանքից վաղաժամ հեռացած Աննա Մանդալյանին, ասաց. «Նա մեր եզակի, լավագույն դաշնակահար կոնցերտմայստերներից էր:
Հիանալի երաժիշտ էր, հումորով անձնավորություն: Չեմ չափազանցնում՝ Աննայի հետ շփվելն իսկապես տոն էր: Նրան անվանում էինք մարդ-տոն: Այնքան էր տարված իր մասնագիտությամբ, որ որդուն՝ Արտյոմ Աբրահամյանին, որը բարձրարվեստ դաշնակահար է ու մշտապես հանդես է գալիս իբրեւ մենակատար, փոխանցում էր նաեւ նվագակցողի գաղտնիքները: Ի դեպ, 2012թ. անցկացված Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան դաշնակահար նվագակցողների մրցույթում Արտյոմն արժանացավ Գրան պրիի…»:
Ռեժիսոր՝ նաեւ օպերային ներկայացումների, Լեւոն Իվանյանը հայտնեց, որ առիթ ունեցել է Աննա Մանդալյանի հետ աշխատել Երեւանի կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում. «1985թ. առաջին անգամ օպերային ստուդիայում բեմադրվեց Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»: Դա իմ առաջին աշխատանքային շփումն էր օպերային արվեստի հետ ու առանց տատանվելու պետք է նշեմ, որ կարողացա հաղթահարել դա՝ հենց կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի շնորհիվ: Նա ոչ միայն ցանկալի արդյունքի հասցրեց երիտասարդ վոկալիստ-արտիստների կատարողական վարպետությունը, այլեւ որպես երաժշտական թատրոնի ռեժիսոր, փաստորեն դարձավ իմ առաջին ուսուցիչը»: Պարոն Իվանյանը հավելեց, որ 2008թ. Ազգային օպերային թատրոնում իր ռեժիսուրայով Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրական աշխատանքների ընթացքում հիշել ու առաջնորդվել է Աննա Մանդալյանի երաժշտաթատերական դրվածքով:
Երեւանի կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գայանե Գեղամյանն էլ հիշեց երեք տարի առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Աննա Մանդալյանի հետ վերջին համերգը, որ նվիրված էր իրենց գործունեության 25-ամյա հոբելյանին. «Աննայի մոտ արտերկրից ժամանում էին օպերային երգիչներ՝ այս կամ այն դերերգը պատրաստելու նպատակով: Օրինակ, ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը՝ Շվեյցարիայից: Յուրաքանչյուր մենահամերգին Աննայի հետ պատրաստել ենք նոր ծրագիր ու հանդիսացել նաեւ որոշ ստեղծագործությունների առաջին կատարողը…»:
«Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի խոսքերով՝ Աննան ինտելեկտուալ անձնավորություն էր, վառ արտիստական շնորհներով օժտված երաժիշտ եւ անխոս՝ շատ կարեւոր հենարան իր երգիչների համար. «Երգիչների հետ աշխատելիս փորձերի ժամանակ եւ բեմում նա հետաքրքիր դաշտ էր ստեղծում՝ միանշանակ ապահովելով մեներգչի հաջողությունը»:
Ազգային օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Լեւոն Ջավադյանը հիշեց կոնսերվատորիայում Աննա Մանդալյանի հետ աշխատած, իր խոսքերով՝ երանելի տարիները. «Նա բարձրակարգ մասնագետ էր, իսկապես տաղանդավոր անձնավորություն: Աննային բոլորն էին հարազատորեն ընդունում եւ, որ ամենակարեւորն է՝ ուներ հիանալի հումոր: Նույնիսկ հիվանդ ժամանակ չէր կորցնում իր հումորի զգացումը: Հենց այդ օրերն էին, երբ ես ու նրա որդին՝ Արտյոմը, իբրեւ մենակատար դաշնակահարներ պետք է ելույթ ունենայինք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ …»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 20-ին «Տաղարան» անսամբլի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Գայանե Գեղամյանի համերգը նվիրվում է Աննա Մանդալյանի հիշատակին:
«Առավոտ» օրաթերթ
19.11.2014